Մատչելիության հղումներ

Նախագահը Սեւանի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:

Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է անցած տարի իրականացված աշխատանքներն ու այս տարվա ծրագրերը` վստահեցնելով, որ 2010 թվականին նախանշված միջոցառումները իրականացվել են լիարժեքորեն եւ սահմանված ժամկետներում: Մովսիսյանը անդրադարձել է նաեւ լճի հետ կապված մի շարք արդիական հիմնախնդիրների:

Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել, այդուհանդերձ, խնդիրների լուծման տեմպերը դեռեւս բավարար չեն: Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքը եւ որոշակի առաջընթացը, մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաեւ Սեւան այցելող ցանկացած մարդու համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին եւ համապատասխան պաշտոնյաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG