Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ պատգամավորները մտահոգված են «Ժառանգության» հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով


«Ժառանգության» պատգամավորները ԱԺ-ում, արխիվ

«Ժառանգության» պատգամավորները ԱԺ-ում, արխիվ

Ազգային ժողովի պատգամավորները մտահոգված են ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, տեղի ունեցածը մտահոգում է նաեւ խորհրդարանի խոսնակին, ուստի ոստիկանությանը հանձնարարական էր իջեցված միջադեպի առիթով ծառայողական քննություն անցկացնել: Սահակյանի խոսքով` իրենց խնդիրը մեղավորներին գտնելը չէ, այլ նման իրավիճակներից հասարակությանը զերծ պահելը: Նա այդ ժամանակ չգիտեր, որ կատարված ուսումնասիրության արդյունքում միջադեպին մասնակից ոստիկանների գործողություններում իրավախախտումներ չեն հայտնաբերվել (Ոստիկանության երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ պատգամավորները խախտել են հասարակական կարգը):

«Շատ ցավալի է, որ նման միջադեպեր են լինում, խորհրդարանականները վրդովված են եւ գտնում են, որ անկախ հանգամանքներից անհրաժեշտ է պատգամավորների նկատմամբ պատշաճ վերաբերմունք ունենալ, մասնավորապես, մեր քաղաքացիները», - հայտարարեց Սահակյանը:

Նա նաեւ հորդորեց գործընկեր պատգամավորներին` «ժողովրդի ցասումը, ընդվզումը հնարավորինս մեղմելու համար նրանց պահանջները ներկայացնել իշխանությանը, մանավանդ, որ այդ հնարավորությունը պատգամավորները ունեն խորհրդարանական աշխատանքի ընթացքում, նաեւ Կառավարության նիստերին մասնակցելու թույլտվությամբ»:

Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնելուց. նրանք կսպասեն ծառայողական քննության ավարտին:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Հայ հեղափոխական դաշնակցությանն էլ հետաքրքրում է ոչ այնքան ծառայողական քննություն անցկացնելու ցուցումը, որքան դրա արդյունքը: Այն, ինչ տեսել է Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, նրան հիմք է տալիս ասելու, որ ոստիկանությունն անցել է լիազորությունների սահմանը: Հովհաննիսյանը միջադեպի կադրերն է դիտել, լսել Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքումյանի հեռուստատեսային պարզաբանումների մասին:

«Ոստիկանության խնդիրը դասեր տալը չէ, այլ կարգուկանոն հաստատելն է: Այն, ինչ մենք տեսանք, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրենց վերապահված գործառույթներից շատ ավելին են իրենց թույլ տվել [ոստիկանները]: Ոստիկանության մեջ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց դերը հասարակության մեջ լուրջ քաղաքական է, եւ նրանք իրավունք ունենք քաղաքական գնահատականներ եւ որակումներ տալու այս կամ այն քաղաքական ուժի վարքին: Տո, դո՞ւ ով ես», - ոստիկանության այդ աշխատակիցներին հարց ուղղեց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG