Մատչելիության հղումներ

Ոստիկանության գործողություններում «իրավախախտումներ չեն հայտնաբերվել»


Ցուցարարների եւ իրավապահների բախումը Հանրապեության հրապարակում մարտի 3-ի երեկոյան:

Ցուցարարների եւ իրավապահների բախումը Հանրապեության հրապարակում մարտի 3-ի երեկոյան:

Ուրբաթ օրը Հայաստանի ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն եւ «ոստիկանության գործողություններում իրավախախտումներ չեն հայտնաբերվել»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, մինչդեռ, միջադեպի կապակցությամբ դիմելու են դատարան` վերականգնելու իրենց խախտված իրավունքները:

Կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ուրբաթ օրը լրագրողներին ասել, թե կուսակցության երեկվա հայտարարությունը նաեւ պաշտոնական դիմում է դատախազությանը եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Անդրադառնալով վարչապետի Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո նշանակված ծառայողական քննությունից իր ակնկալիքներին` Մարտիրոսյանը ասել է. - «Միակ ակնկալիքս այն է, որ իսկապես օրենքը խախտողները պատժվեն, եւ ոչ թե օրենքը պաշտպանողները պարսավվեն: Դա պետք է կոնկրետ հետեւանք ունենա: Ես նշեցի առնվազն մեկ ոստիկանի ազգանուն` Ավետիսյան, փոխգնդապետ, որը ընդհանրապես իրավունք չունի իր վարքագծի, իր գիտելիքների հետ կապված ոստիկանական համակարգում աշխատելու»:

Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը «երախտապարտ է Դաշնակցությանը եւ Հայ ազգային կոնգրեսին` արձագանքելու համար», երախտապարտ է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի համար:

Այդուհանդերձ, նրա ձեւակերպմամբ` դա միայն «սկզբնական աշխատանք է». - «Ես բավարարված կլինեմ Ազգային ժողովի կողմից, եթե առնվազն այդ Ավետիսյան կոչված ոստիկանը ազատվի համակարգից: Հակառակ պարագայում ես կհամարեմ, որ սա հենց իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով տրված հրահանգ է»:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ երեկվա միջադեպը առաջին հերթին պատիվ չի բերում ոստիկանին, սպային:

«Եվ եթե գլխավոր ոստիկանապետը եւ իրենից բարձր կանգնած անձինք, որոնց, կարող է, հորդորով կամ պահանջով է տեղի ունեցել դա… Դա նշանակում է, որ սպայի պատիվ կոչվածը ուղղակի գետնով տված է: Ակնկալվում է, որ հրաժարականներ լինեն այս ամեն ինչից հետո», - լրագրողներին ուրբաթ օրը ասաց Ալավերդյանը:

Պատգամավորը նաեւ իր վրդովմունքն արտահայտեց Հայաստանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի` հեռուստաալիքներից մեկի եթերով հնչեցրած մեկնաբանությունների կապակցությամբ. - «Այն, որ ոստիկանություն երեկ որոշել էր, որ իրեն պետք է ներկայացնի իրավաբանության մեջ անգամ տարրական գիտելիքներ չունեցող անձը, ինքնին խոսում է այն մասին, որ վտանգված է ոչ միայն հասարակությունը, վտանգված է իշխանությունը»:

Հարկ է հավելել, որ «ժառանգություն» խմբակցության անդամների ասուլիսին ներկա էին երեկվա միջադեպի մասնակից եւ հունվարի 1-ից մայրաքաղաքում բացօթյա առեւտրի արգելքի մասին որոշումից տուժած երկու կին` Նարինե Վարդանյանը եւ Հեղինե Պողոսյանը, ովքեր մինչեւ այս որոշումը սատարել են իշխող Հանրապետական կուսակցությանը:

«Խնդրեմ, ես հանրապետական եմ, [բայց] այսօր իմ պրոբլեմի կողքին «Ժառանգության» պատգամավորն է կանգնած: Իմ ընտրած պատգամավորը թքած ունի ինձ վրա», - ասաց նրանցից Նարինե Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG