Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ձերբակալվել է Լիպեցկի հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը


Արեւմտյան Ուկրաինայի Տրուսկովեց քաղաքում ձերբակալվել է ռուսաստանյան Լիպեցկ քաղաքում հայ գործարար Սիմոն Ազիզյանի սպանության մեջ կասկածվողը:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, «օրենքով գողի» կոչման հավակնող Վալերի Տիտովը ձերբակալվել է ռուսաստանցի եւ ուկրաինացի իրավապահների համատեղ գործողության արդյունքում: Նա ներկայումս Լվովի բանտում է եւ մոտ ժամանակներս էքստրադիցիայի կենթարկվի Ռուսաստան:

2005 թվականի ապրիլի 24-ին Լիպեցկում «Տորնադո» ժամանցային համալիրի տնօրենների խորհրդի նախագահ եւ «Մասկա» ակումբի սեփականատեր Սիմոն Ազիզյանը «Ջոկեր» խաղատանը անհայտ անձանց կողմից դաժան ծեծի էր ենթարկվել, ապա իր իսկ ավտոմեքենայով տեղափոխվել անհայտ ուղղությամբ: Ականատեսների վկայություններով` Ազիզյանի խաղատանը գտնվել էր Տիտովի ընկերակցությամբ, եւ նրանց միջեւ սկսված վեճն էր վերածվել ծեծկռտուքի:

Տիտովին ձերբակալել էին, ապա չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ արձակել, քանի որ չկային Ազիզյանին ապօրինաբար ազատությունից զրկելու կամ նրա սպանության ապացույցներ: Հաջորդ հարցաքննությանը Տիտովը չէր ժամանել, եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Մեկ տարի անց Լիպեցկի ցեմենտի գործարանի մոտակայքում հայտնաբերվել էին հայ գործարարի դիակի մնացորդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG