Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Արեւելյան գործընկերությունը Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափը չէ»


Արեւելյան գործընկերությունը Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների եւ կարգավորման ձեւաչափը չէ, հինգշաբթի օրը Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արձագանքելով Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մեկնաբանություններին` Նալբանդյանը ընդգծել է նաեւ, որ միջազգային հանրության կողմից ձեւավորված եւ աջակցվող միակ ձեւաչափը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունն է:

Հինգշաբթի օրը Բրատիսլավայում կայացել է Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպումը, որին մասնակցել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի արտգործնախարարները, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում եւ նվիրված էր Արեւելյան գործընկերների եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին եւ հետագա անելիքներին:

Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում ներկայացրել է Հայաստան - Եվրամիություն համագործակցության հիմնական ուղղությունները` ուրվագծելով Հայաստանի սպասելիքները Եվրամիության հետ խորացված գործընկերությունից:

Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Սլովակիայի արտգործնախարար Միկլոշ Ձյուրինդայի եւ Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ:

Ձյուրինդայի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը վերահաստատել է Սլովակիայի նախագահին Հայաստանի նախագահի ուղղած` Հայաստան այցելելու հրավերը:

Միկլոշ Ձյուրինդան տեղեկացրել է, որ շուտով Սլովակիան մուտքի արտոնագրեր կտրամադրի Երեւանում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս ենթատեքստում նաեւ քննարկվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:

Չեխիայի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել անցյալ տարի Հայաստանի կողմից Պրահայում դեսպանության հիմնումը եւ տեղեկացրել է, որ մինչ Հայաստանում դեսպանության բացումը Չեխիան շուտով դիվանագետ կգործուղի Երեւանում գործող եվրոպական երկրներից մեկի դեսպանություն:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG