Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով` կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Խոսելով ԵԱՀԿ-ի դերակատարության մասին` Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մասնավորապես նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձեւաչափերում, ինչպես նաեւ նպաստել ԵԱՀԿ-ի ամրագրված նպատակների եւ սկզբունքների համաձայն ԵԱՀԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանում իրականացվող բարեփոխումների առնչությամբ նախարարը ասել է, որ իշխանությունները հաստատակամ են շարունակելու քայլերը ուղղված երկրում ժողովրդավարության ամրապնդմանը` համաձայն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին հանրապետության նախագահի ելույթում վերահաստատված ուղենիշների. ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ մանրամասն կանգ է առել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումների համընկնման, ինչպես նաեւ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վրա, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:

ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG