Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 38 տոկոսը հնարավոր է համարում «եգիպտական սցենարը»


Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլեգ Շեին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլեգ Շեին
Ռուսաստանցի վերլուծաբանները ուշիուշով հետեւում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող դրամատիկ իրադարձություններին։

Թունիսում եւ Եգիպտոսում ամբողջատիրական վարչակարգերը տապալվել են, հիմա ընդվզումներ են նույնիսկ նավթով հարուստ Լիբիայում, Բահրեյնում եւ Օմանում, եւ չի բացառվում, որ ածխաջրածնային հումք արտահանող այլ երկրներում էլ բախումներ սկսվեն:

Սակայն Վլադիմիր Պուտինի իշխանության դարաշրջանում ձեւավորված եւ պետական բոլոր համակարգերը հսկողության տակ առած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը համոզված է, որ Ռուսաստանում նման սցենարը անհնար է:

«Եդինայա Ռոսիա»-ից Պետական դումա ընտրված պատգամավոր Անդրեյ Իսաեւն անցած շաբաթ ասել է, որ Ռուսաստանում չկան հեղափոխության նախադրյալներ։

«Մեր ժողովուրդը տեսել է Ուկրաինայի, Վրաստանի եւ Ղրղըզստանի «գունավոր» հեղափոխությունները եւ գիտի, որ դրանք ոչ մի լավ բան չեն բերում», - ասել է Իսաեւը։

Լեւադայի հասարակական հետազոտությունների կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 38 տոկոսը ենթադրում է, որ «եգիպտական սցենարը» հնարավոր է, իսկ 43 տոկոսը դա անհավանական է համարում։ Հարցվածների 49 տոկոսը պատրաստ է մասնակցել բողոքի ակցիաներին, մեկ ամիս առաջ նման պատրաստակամություն է հայտնել 40 տոկոսը։

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Շեինը, որը Կոմունիստական կուսակցության եւ լիբերալ-դեմոկրատների հետ միասին կազմել է Կրեմլի նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված ընդդիմության ճամբարը, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ երկիրը վտանգի մեջ է, քանի որ «Եդինայա Ռոսիա»-ն կասեցրել է հասարակական կարծիքը հայտնելու բոլոր օրինական միջոցները։

«Խնդիրն այն է, որ «Եդինայա Ռոսիա»-ն ոչնչացրել է բոլոր ժողովրդական ինստիտուտները։ Ահա մի օրինակ` աշխատավորների գործադուլները։ Անցյալ տարի 200 ակցիա է տեղի ունեցել, եւ դրանցից ոչ մեկն օրինական չի եղել։ Մենք ունենք օրենք, որն արգելում է գործադուլը, բայց սա խնդրի մի մասն է, բանն այն է, որ 200 գործադուլներից արհմիությունները միայն 15-ն են կազմակերպել, մնացածը` ինքնաբուխ էին», - ասել է Շեինը։

Նա համոզված է, որ երկրում զանգվածային դժգոհությունը ընտրության լեգիտիմության պակասի հետեւանք է։

«Չի կարող ամբողջ երկիրն աշխատել մի խումբ գողերի համար, վաղ թե ուշ համակարգը փլուզվելու է, իրավիճակը կկայունացնի միայն մեկ բան` արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություններ, երբ մարդիկ կհամոզվեն, որ միայն այդ մեխանիզմի շնորհիվ է հնարավոր ազդել իշխանությունների վրա»,- ասել է Օլեգ Շեինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG