Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները «Ֆեյսբուք»-ում վիրտուալ հանրահավաք կանցկացնեն


Մարտի 11-ի վիրտուալ հանրահավաքի «Ֆեյսբուք»-ի էջը
Մարտի 11-ի վիրտուալ հանրահավաքի «Ֆեյսբուք»-ի էջը
Մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ մարտի 11-ին «Ժողովրդական մեծ օր» կոչվող վիրտուալ հանրահավաք են անցկացնելու «Facebook» սոցիալական ցանցում:

Ցանցային այս բողոքի ակցիայի միջոցով ադրբեջանցի ընդդիմադիրները կոչ անելու իրենց հայրենակիցներին դուրս գալ փողոց եւ պայքարել երկրի ժողովրդավարացման համար: Ֆեյսբուքյան բողոքի ակցիայի կազմակերպիչների կորիզը եվրոպական մի շարք պետություններում ապրող ադրբեջանցի երիտասարդներն են, որոնք ամիսներ առաջ միավորվել էին «Եվրոպայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» անվանումը կրող կազմակերպության շարքերում:

«Մեր նպատակն է վերջ տալ այն զանգվածային հուսալքությանը, որ համակել է ադրբեջանական հանրությանը: Մարտի 11-ը որպես մեր ակցիայի օր մենք պատահական ենք ընտրել, թեեւ որոշակի խորհրդանշական երանգներ առկա են: Նախ մարտի 11-ին լրանում է Հոսնի Մուբարաքի հրաժարականի մեկ ամիսը, բացի այդ մարտի 11-ին ուղիղ մեկ ամիս է լրանում այն օրից, երբ Սումգայիթի ոստիկանությունը ձերբակալեց քաղաքի երիտասարդ բնակիչ Ջաբար Սավալանին՚», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է այս կառույցի ղեկավարներից մեկը` Ստրասբուրգում բնակվող Էլնուր Մաջիդլդին:

Ջաբար Սավալանը «Facebook»-ի իր էջում կոչ էր արել ադրբեջանցի երիտասարդներին դուրս գալ Բաքվի կենտրոնական հրապարակ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը: Մի քանի օր անց ոստիկանները ձերբակալել էին նրան` մեղադրելով թմրամիջոցների տարածման մեջ: Վիրտուալ հանրահավաքի կազմակերպիչների կարծիքով` ոստիկանության նման կտրուկ արձագանքը «Facebook»-ում զետեղված գրառմանը վկայում է, որ պաշտոնական Բաքուն լրջորեն վախենում է սոցիալական ցանցերը որպես զանգվածային մոբիլիզացիայի գործիք օգտագործելու հեռանկարից:

Բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, սակայն, գրեթե համոզված է, որ ժամանակակից Արդբեջանում սոցիալական ցանցերի միջոցով լայնածավալ բողոքի ակցիաների կազմակերպումն անհնարին է:

«Իշխանություններն Ադրբեջանում այսօր երկու հզոր ռեսուրս ունեն, որոնք թույլ կտան կանխել իրադարձությունների` իրենց համար անցանկալի զարգացումը: Առաջին ռեսուրսն այն հսկայական նավթային շահույթներն են, որոնց մեծ մասը շարունակվելու է յուրացվել: Ճիշտ է` ես չեմ բացառում, որ այն փշրանքները, որ հասնում են ժողովրդին, հետագայում փոքր ինչ ավելի շռայլ լինեն, ոչ ավելին: Այսօրվա իշխանության երկրորդ հզորագույն ռեսուրսը ժողովրդավարական ուժերի մեկ տարի տեւած խայտառակ կառավարումն էր, որը պարզապես վարկաբեկեց ժողովրդավարության գաղափարն Ադրբեջանում», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Ալիզադեն:

Մարտի 2-ի երեկոյան «Facebook»-ում գրանցված Ադրբեջանի 200 հազար բնակիչներից միայն 1700 էին պատրաստակամություն հայտնել մասնակցել մարտի 11-ի վիրտուալ ակցիային: Մոտ 3000 օգտատերեր մերժել էին մասնակցության հայտը: Ադրբեջանցի ակտիվիստները, սակայն, նկատում են, որ իրադարձության հրավերը մերժած անձիք հիմնականում իշխանության կողմնակիցներ են:

«Նրանք «Facebook»-ում միաժամանակ 5-10 էջ ունեն, որոնցից մերժելով հրավերը` արհեստականորեն տպավորություն են ստեղծում, թե սոցիալական ցանցերից օգտվող ադրբեջանցիների մեծամասնությունը աջակցում է իշխանություններին», - ասում են ադրբեջանցի ընդդիմադիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG