Մատչելիության հղումներ

Զուրաբյանը «տղայական» է որակում իշխանության արձագանքը ՀԱԿ-ի պահանջագրին


Մարտի 1-ին Երեւանում կայացած ընդդիմության երթը

Մարտի 1-ին Երեւանում կայացած ընդդիմության երթը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պահանջագրին Գալուստ Սահակյանի ու Էդուարդ Շարմազանովի արձագանքները ընդամենը «տղայական ռեակցիա» են:

Մարտի 1-ին ընդդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած 15 կետանոց պահանջագիրը իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, այդ թվում` Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ըստ էության, մերժեցին:

Հարցին, թե քանի որ արդեն հայտնի է կոալիցիայի ներկայացուցիչների պատասխանը, ՀԱԿ-ը կմանրամասնի՞ իր անելիքները, Զուրաբյանը պատասխանեց. - «Սա իրենք ընկալել են որպես մարտահրավեր իրենց ամբիցիաներին եւ միանգամից փորձել են պատասխան տալ, բայց պետք է հասկանալ, որ խնդիրը շատ ավելի բարդ է: Մենք հիմք են դրել լուրջ քաղաքական գործընթացի, մենք տվել են շատ լուրջ գնահատականներ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին եւ առաջարկել ենք այդ վիճակից ադեկվատ լուծումներ գտնել: Ես կարծում եմ, որ այս առաջին` տղայական ռեակցիայից հետո, որը հարիր չէ որեւէ իշխանության, նրանք դեռ ժամանակ ունեն մտածելու երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին եւ ավելի ադեկվատ պատասխաններ տալու հասարակությանը»:

Արձագանքելով Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը` Գալուստ Սահակյանը ասաց. - «Եթե մարդիկ փորձում են վիրավորել, մենք հակադարձելու ավելի մեղմ տարբերակն ենք ընտրել, եւ դա իրենց թվում է «տղայական» մոտեցում: Այդ «տղայական» շարժումով էլ պիտի փորձեն ապակողմնորոշել ժողովրդին, ինչպես ապակողմնորոշեցին մարտի 1-ին»:

Զուրաբյանն այսօր տեղեկացրեց, որ մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ՀԱԿ-ը 4 պահանջ է դնում ոստիկանության առջեւ` դադարեցնել քարոզչական նպատակով հանրահավաքները «ճզմելու» հանցավոր գործողությունները, որպեսզի հանրահավաքների ժամանակ հրմշտոցներ չառաջանան, բացել Ազատության հրապարակը կամ փակել Կորյունի փողոցն ամբողջությամբ, հանրահավաքներին չուղարկել քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ դադարեցնել «սադրիչ գործակալների» ուղարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG