Մատչելիության հղումներ

Յովանովիչ. «Կարեւոր է ձեւավորել կառավարություն, որը լսում է մարդկանց եւ հաշվետու է նրանց առջեւ»


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

«Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են Հայաստանի սահմանադրությամբ: Այն շատ հստակորեն սահմանում է ե'ւ հավաքների ազատությունը, ե'ւ մամուլի ազատությունը, ե'ւ օրենքի իշխանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը:

Օրերս ԱՄՆ-ի դեսպանը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» թեմայով զեկուցմամբ էր հանդես եկել Երեւանի պետական համալսարանում, որի ժամանակ, մասնավորապես, նշել էր քաղաքացիների ձայնը լսելու, մարդկանց քաղաքացիական ազատությունները ապահովելու եւ հարգելու կարեւորությունը:

Նշենք, որ դեսպանի հիշյալ ելույթում արծարծված մի շարք հարցեր վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է հայաստանյան մամուլում:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ ելույթը որոշ առումով կարելի է գնահատել իբրեւ կոչ` ուղղված Հայաստանի իշխանություններին, Յովանովիչը նախ հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի` ավելի վաղ արտահայտած մտքերից մեկը. - «Նախագահը նշել էր, որ Հայաստանի ապագային առնչվող հարցի պատասխանը ակտիվ ժողովրդավարություն ունենալն է, ավելի ակտիվ երկխոսությունը, ինչպես նաեւ եվրոպական ստանդարտների ընդունումը Հայաստանի կյանքի բոլոր բնագավառներում»:

«Նա երկրի նախագահն է, եւ դուք վստահաբար համաձայն եք այդօրինակ սահմանման հետ», - հավելեց դեսպանը:

Մարի Յովանովիչը Երեւանի պետհամալսարանում ունեցած իր
ելույթում նաեւ խոսել էր տնտեսության, գաղափարների եւ նախաձեռնությունների շրջանառման ոլորտներում մենաշնորհների անթույլատրելիության մասին: Դիտարկմանը, որ հայաստանյան հասարակության մեջ այսօր շատ են դժգոհությունները` կապված հասարակական կյանքի մի շարք ոլորտներում առկա մենաշնորհների հետ, եւ հարցին, թե արդյո՞ք իր ելույթը կարելի է նաեւ այդօրինակ դժգոհությունների արձագանքը համարել, դեսպանը արձագանքեց. - «Երբ դուք որոշումների կայացման համար ունենում եք գաղափարների միայն մեկ աղբյուր, անխուսափլիորեն դա կհանգեցնի լճացման: Ահա թե ինչի մասին էի ես խոսում: Լավագույն նախաձեռնություններն այդ դեպքում կարող են առաջ չմղվել, դուք կարող եք, ասենք, կորցնել տնտեսությանն առնչվող լավագույն մի գաղափար: Մենք կարծում ենք, որ այս պնդումը ճիշտ է ինչպես տնտեսության, անպես էլ քաղաքականության պարագայում»:

«Եվ շատ կարեւոր է` ձեւավորել հասարակություն եւ ձեւավորել կառավարություն, որը բաց է, թափանցիկ է, որը լսում է մարդկանց եւ հաշվետու է նրանց առջեւ», - հավելեց Յովանովիչը` շարունակելով. - «Կարծում ենք, հենց այդպիսի կառավարություններն են ամենահզորը եւ Միացյալ Նահագների լավագույն գործընկերները»:

Դիտարկմանը, թե իր ելույթից տպավորություն ստացվեց, թե Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացած չի համարում, դեսպանը արձագանքեց. - «Հայաստանը քաղաքական եւ տնտեսական մի համակարգից ներկայումս անցում է կատարում այլ համակարգի, եւ այս անցումն առկա է նաեւ քաղաքացիական հասարակության պարագայում… Հայաստանում քաղաքացիական հասարակություն այժմ ձեւավորվում է: Միացյալ Նահանգներն այս ընթացքում աշխատել է ինչպես անհատների, այնպես էլ հասարակական միավորումների հետ` փորձելով խրախուսել քաղաքացիների ջանքերը, քանի որ մենք կարծում ենք, որ այն կառավարությանը հաշվետու դարձնելու կարեւորագույն հանգամանքներից մեկն է»:

Ըստ նրա, դա շատ կարեւոր է պետության եւ հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում` օրենսդրական, գործադիր եւ այլն, «քանի որ քաղաքացիական նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ավելի լավ եւ որակյալ որոշումներ կայացնել»:

«Վերջապես, շատ կարեւոր է այն, որ ակտիվ քաղաքացիների առկայության դեպքում հավաստի է դառնում իրողությունը, որ կառավարությունն է ժողովրդի համար, այլ ոչ թե հակառակը», - եզրափակեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG