Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննա պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ:

Հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը այցելել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության եւ հայ - ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, հանդիպում է ունեցել ակադեմիայի տնօրեն դեսպան Հանս Վինկելի հետ:

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վիեննայում Հայաստանի դեսպանատուն, ուր հանդիպում է ունեցել Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այսօր առավոտյան նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում, իսկ օրվա երկրորդ կեսին Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG