Մատչելիության հղումներ

Մարտի 3-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եվ այսպես, Հայ ազգային կոնգրեսը 15 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց իշխանություններին եւ հստակ ժամկետ սահմանեց` մինչեւ մարտի 15-ը: Եվ այսօր շատերն իրենք իրենց հարցնում են` «բա հետո՞»: Այսինքն` մարդիկ չեն հավատում, որ իշխանությունները կկատարեն այդ պահանջները, եւ նախօրոք իրենց հետագա քայլերի մասին են մտածում: Բայց ենթադրություններ անելուց առաջ արժե վերլուծել Կոնգրեսի 15 պահանջները եւ փորձել հասկանալ` իրատեսակա՞ն են դրանք, թե՞ ոչ: Խնդիրը հենց այն է, որ այդ պահանջների մի մասը իշխանությունների ի վիճակի են կատարել, մի մասը` ոչ: Օրինակ, շատ հանգիստ կարող են ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել ոստիկանական «բեսպրեդելը», չեղյալ հայտարարել բացօդյա առեւտրի արգելման մասին որոշումը, վերանայել ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերը, բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները եւ այլն: Իսկ ահա մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտել ու մեղավորներին պատժել կամ մի շարք առանցքային պաշտոնյաների (վարչապետից սկսած) պաշտոնանկ անել չեն կարող»:

Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հարցազրույց է տվել «Հայոց Աշխարհ»-ին: Լրագրողը հարցնում է. - «Պատահակա՞ն է, որ Տեր-Պետրոսյանը պահանջում է «քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված» անձանց ազատ արձակել մինչեւ ԵԽ համազեկուցողների այցը»: Նիկոյանը պատասխանում է. - «Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ օրինախախտումներ կատարելու համար դատապարտված ու մինչ այժմ վաղաժամ չազատված անձանց թիվը էականորեն կրճատվել է: Բայց այս դեպքում եւս արմատականները ոչ թե համարժեք հետեւություններ են անում իշխանությունների դրսեւորած բարի կամքի վերաբերյալ, այլ սաստկացնում են վերջնագրերով խոսելու գործելաձեւը` որ մնացածներին եւս ազատելը հնարավորինս խոչընդոտեն ու հետաձգեն: Ամեն նոր ազատվածի դեպքում նրանք շտապում են պնդել, թե դա ոչ թե իշխանության ներողամտության ու հանդուրժողականության արդյունք է, այլ իրենց ճնշումների հետեւանք»:

«168 ժամ»-ի լրագրողը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին հարցնում է. - «Հնարավո՞ր է, որ որոշում կայացնեք միանալ ՀԱԿ-ին կամ ՀԱԿ-ի կազմակերպած շարժմանը, հանրահավաքներին, բողոքի ակցիաներին»: Հովհաննիսյանը պատասխանում է. - ««Ժառանգությունը» համաժողովրդական շարժման ակունքներից մեկն է եղել, շարունակում է լինել շարժումների մայրուղում եւ տարբեր հոսանքների զուգահեռ համատեղման կողմնակիցն է: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ ամեն մեկը միանա ամեն մեկին: Ու մենք պիտի դուրս գանք ինքնակարեւորման եւ սեփական գերակայությունը փաստելու այս արդեն տապալված բարդույթից: Մենք պիտի ստեղծենք քաղաքական համագործակցության նոր մշակույթ, որը բոլորիս խնդիրն է: Ընդդիմությունն ու հասարակությունը պիտի կարողանան դա անել: Դա մեր ձեռքում է, եւ մեղքը որեւէ ուրիշ տեղ չի բնակվում, քան թե մեզ մոտ: Մեզ մոտ է դրված այդ խնդիրը, եւ բոլորը բոլորին պիտի միանան: Եվ ոչ մեկը չպիտի ակնկալի, որ ուրիշը պիտի գա»:

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից «Կապիտալ»-ին հայտնել են, որ որ Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, եւ շարունակվում են մասնագետների բանակցությունները։ «Առկա է 2008 թվականի պայմանագիր, որի բանաձեւով էլ հաշվարկվում է գազի գինը Հայաստանի համար։ Գազի գնի հաշվարկման բանաձեւի հիմքում դրված են համապատասխան գործակիցներ եւ վերջին ինը ամսվա ընթացքում նավթամթերքի եւ գազի միջին եվրոպական գները»: Իսկ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը գերմանական «Շպիգել» ամսագրին այս տարվա հունվարին ասել էր, որ մարտի 1-ից Հայաստանն անցնելու է գազի շուկայական գնի: «Գազպրոմ»-ը նույնանման պայմանագրեր ունի նաեւ Մոլդովայի եւ Բելառուսի հետ, որոնց համաձայն, որոնք համաձայն 2011-ից անցում պիտի կատարվի շուկայական գնագոյացմնան, եվրոպական գների: «Այս պայմաններում ակնկալել, որ «Գազպրոմը» կցուցաբերի բարի կամք ու չի թանկացնի գազը, թերևս իրատեսական չէ, առավելեւս, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի համար գազի գնի հաշվարկման հիմքում դրված են նավթի եւ նավթամթերքի վերջին ինը ամիսների միջին եվրոպական գները», - եզրակացնում է թերթը:

«Ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է Միացյալ Նահանգների Ատլանտիկ խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոսս Վիլսոնի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործւընթացը փակուղի չի մտել: Դուք, կարծես, առավետ հոռետես եք»: Պատասխան. - «Ես չեմ ուզում հակասել դեսպանի կարծիքին: Նա արտահայտում է ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը եւ շեշտում է, որ հակամարտության լուծումը դեռ հնարավոր է: Կարծում եմ, բանակցությունները սառել են վերջին 6-7 տարվա ընթացքում,: Բարձրաստիճան պաշտոնյաների այցերը վկայում են, որ պետք է շարունակել գործընթացը եւ հասնել հաջողության»: Հարց. - «Փորձագիտական շրջանակները, հակառակ շատ ամերիկացի պաշտոնյաների, մեղադրում են Օբամայի վարչակազմին տարածաշրջանը լիովին Ռուսաստանի քմահաճույքին թողնելու համար»: Պատասխան. - «Ես ասել եմ այլ առիթներով, որ ԱՄՆ-ի պետք է ավելի ակտիվ լինի նախկին Խորհրդային Միության տարածքում` ներառյալ Հարավային Կովկասում: Մենք ավելի մեծ ներգրավվածություն պիտի ունենանք տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Ղարաբաղին` ես արդեն ասացի, որ Մինսկի խմբի համանախագահները համակարգել են բանակցությունները: Ռուսաստանը հատկապես ակտիվ է եղել վերջին մեկ-երկու տարիների ընթացքում: Բայց ես տեղեկացված եմ ամերիկյան եւ եվրոպական աղբյուներից, որ համանախագահները միասին են աշխատում, եւ Ռուսաստանը միայնակ չի կարգավորում գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG