Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչությությունը կազմում է 143 հազար 574 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 2 հազար 174-ով ավելի է: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԼՂ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

2010 թվականին Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել 1637 մարդ, ինչը 97-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Տեղափոխվողների 90 տոկոսը ՀՀ-ից է, եկվորների գերակշիռ մասը կանայք են:

Պաշտոնական տվյալներով, 2010 թվականին ԼՂ եկողների թվաքանակը 2.3 անգամ գերազանցում է ԼՂ-ից մեկնողների թվաքանակը: Իսկ ԼՂ-ից հեռացողները մեծ մասամբ տղամարդիկ են, որոնք հիմնականում հաստատվում են ՀՀ-ում: 2010 թվականին ԼՂ-ից մեկնել է 446 մարդ:

Ղարաբաղում աճել է ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը: Վերլուծությունների համաձայն այստեղ 1000 նոր կազմավորված զույգին բաժին է ընկնում 11 ամուսնալուծություն:

Չնայած անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում գրանցված ծնունդների թիվը նվազել է, սակայն գրանցված ցուցանիշը համարվում է տարածաշրջանում ամենաբարձրը: Ընդ որում` ԼՂ-ում առաջնեկ ունեցող մայրերի միջին տարիքը 23 է:

Անդրադառնալով մահացության ցուցանիշներին, վիճակագրական ծառայության նախագահը նշեց, որ անցյալ տարվա համեմատ փոփոխություն չկա: Մահացությունների հիմնական պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Իսկ անցյալ տարի ամենատարածված հիվանդությունները եղել են վերին շնչուղիների սուր ինֆեկցիաները, ոջլոտությունը, աղիքային հիվանդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG