Մատչելիության հղումներ

40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան


Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շնեքը:

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շնեքը:

Մարտի 6-ին եւ 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիարան:

Անվանի կոմպոզիտորի այս ստեղծագործությունը, որը, ի դեպ, միակ օպերան է նրա 250 ստեղծագործությունների շարքում, նույն թատրոնում բեմադրվել էր դեռ 1969 թվականին:

Նոր բեմադրությունը հանդիսատեսին պիտի ներկայացվեր Հարությունյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ դեռ անցած տարի, սակայն պրեմիերան տարբեր պատճառներով հետաձգվեց:

Բեմադրությունը վստահվել էր վրաց բեմադրիչներից մեկին, բայց, ինչպես այս տարի ավելի վաղ հրավիրած ասուլիսում ասել էր թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, նրա հետ համագործակցությունից իրենք հրաժարվել են, քանի որ բեմադրիչի աշխատանքից դժգոհ է եղել կոմպոզիտորի ընտանիքը:

Այս բեմադրությունը անմիջական մասնակցություն են ունեցել Ալեքսանդր Հարությունյանի դուստրը` Նարինե Հարությունյանը` որպես պրոդյուսեր, եւ թոռը` Արաքսի Քուչուկյանը: Վերջինս կատարել է բեմադրության ողջ նկարչական ձեւավորումը:

«Օպերան առաջին անգամ բեմադրվել է 69 թվականին: Բեմադրիչը Վարդան Աճեմյանն էր: Հիմա, քանի որ այդքան տարի անցել է, պետք է նոր կոնցեպցիա դնենք: Հիմքում դրված են «թատրոն թատրոնի մեջ» շեքսպիրյան սկզբունքները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նարինե Հարությունյանը:

Սայաթ-Նովայի դերերգը կկատարեն Պերճ Քարազյանը եւ Հովհաննես Այվազյանը, Աննայի դերերգը` Գրետա Բագյանը եւ Գոհար Ազիզյանը: Բեմադրության դիրիժորը Յուրի Դավթյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG