Մատչելիության հղումներ

Փոստանջյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձ է կատարվում


Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է եղբոր ձերբակալության դեմ

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է եղբոր ձերբակալության դեմ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի պաշտպանական կողմը համոզված է, որ Փոստանջյանին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելով փորձ է արվում լրացուցիչ ճնշումներ գործադրել նրա նկատմամբ:

Արաբկիրի թաղապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատած եւ 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով փետրվարի 23-ին ձերբակալված Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլերը թերեւս Տիգրան Փոստանջյանի վիճակը բարդացնելու նպատակով են արվում:

«Իմ բացատրությունը այն է, որ տեսնելով, որ Տիգրանը չի կոտրվում, չի համագործակցում քննության հետ, ուզում են հնարավորին բարդացնել նրա դրությունը», - ասաց Ալումյանը` հավելելով, որ իրեն հայտնի են դեպքեր, երբ «հանցավոր աշխարհի որոշ էլեմենտների միջոցով փորձել են ճնշում գործադրել մարդկանց վրա»:

Պաշտպանական կողմի այս հայտարարությունը Գլխավոր դատախազությունում որակեցին որպես շահարկում: Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Փոստանջյանի տեղափոխման համար հիմք է ծառայել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական մարմնի գրությունը: Թե ինչ հիմքեր է վկայակոչել ԱԱԾ-ն, Տոնոյանը չմանրամասնեց: Նա միայն ասաց, որ մի շարք հանգամանքների թվում հաշվի են առնվել նաեւ միջազգային կառույցների հորդորները:

«Իրենց հարազատների, շահերի ներկայացուցչի, փաստաբանի հայտարարությունից, որ նրան այնտեղ միտումնավոր են պահում ճնշումներ կիրառելու նպատակով եւ այլն, այդ հարցով նաեւ միջազգային կազմակերպություններ են դիմել` խնդրելով, որ եթե օրենքը թույլատրում է, իրեն տեղափոխեն այլ մեկուսարան», - ասաց Շահեն Տոնոյանը:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկուշաբթի օրը հանդիպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այդ հանդիպմանը քննարկվել են Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներ: Շահեն Տոնոյանը չմանրամասնեց, թե հանդիպման հաջորդ օրը Փոստանջյանի տեղափոխումը «Նուբարաշեն» ՔԿՀ արդյո՞ք ուղիղ կապ ունի այս հանդիպման հետ: Մինչդեռ Փոստանջյանի պաշտպանական կողմը պնդում է, որ դատախազությունը շեղում է հանրության ուշադրությունը իրենց բուն պահանջից: Ալումյանը ասաց, որ իրենք ԱԱԾ մեկուսարանի վերաբերյալ բողոքներ չունեն:

«Ունենք դժգոհություն այն առումով, որ գործը քննվում է ԱԱԾ-ի կողմից, սրանք շատ տարբեր խնդիրներ են եւ բոլորովին իրար չեն առնչվում, իմիջիայլոց: ԱԱԾ-ում գործը քննվելու դեմ դժգոհությունը հասցվել է գլխավոր դատախազին` այդ թվում նաեւ միջազգային կառույցների կողմից: Որքան ինձ հայտնի է, Սերգեյ Կապինոսը` ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը գլխավոր դատախազի հետ զրույցի ժամանակ այդ հարցը բարձրացրել է: Եվ հանկարծ այդ դժգոհությունը գլխիվայր շուռ տալով, ուրիշ կերպ ներկայացնելով` հայտարարում են` իբր մենք դժգոհ ենք, որ Տիգրանը պահվում է ԱԱԾ մեկուսարանում», - ասաց Ալումյանը:

Փոստանջյանի պաշտպանական կողմը շարունակում է պնդել, այս գործի քննությունը ԱԱԾ քննչական վարչությանը հանձնելով կոպտորեն խախտվել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, որտեղ հստակ նշված է, թե որ դեպքերում է նախաքննությունը իրականացնում ԱԱԾ-ն:

«Այս գործը ոչ օրենքով ԱԱԾ-ի հետ կապ ունի, ոչ էլ տրամաբանություն կա դրա մեջ: Պաշտոնատար անձի կողմից ապօրինաբար վարձատրություն ստանալը ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ի հետ», - հարցնում է Ալումյանը:

Գլխավոր դատախազությունն էլ պնդում է, որ այդտեղ օրենքի որեւէ խախտում չկա:

«Բազմաէպիզոդ գործ է Տիգրան Փոստանջյանի գործը, քննվում է ԱԱԾ քննչական վարչությունում: Ո՞րն է այստեղ անհանգստացնող այդ մոտիվը, շահարկումների խնդրի՞րը: Ուղղակի շահարկում է, նույն հաջողությամբ իրենք կարող էին բողոքարկել, թե ինչո՞ւ է քննում այս կամ այն նախաքննական մարմինը», - ասաց Տոնոյանը:

Տիգրան Փոստանջյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պնդում են, որ այս պատմությունը քաղաքական ենթատեքստ ունի եւ ուղղված է Զարուհի Փոստանջյանի գործունեության դեմ: Օրերս Փոստանջյանին իր աջակցությունը հայտնած Քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս նման միտում տեսնում են այս հետապնդման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG