Մատչելիության հղումներ

Թամամյանը եւ Ադամյանը պաշտոններից ազատվել են գլխավոր դատախազի միջնորդությամբ


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյան, արխիվային լուսանկար

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյան, արխիվային լուսանկար

Հայաստանի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի օրը մանրամասներ ներկայացրեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի` պաշտոններից ազատման փաստի վերաբերյալ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, Թամամյանի եւ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Միջնորդագիրը ներկայացվել է` ելնելով Արաբկիրի տարածքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում ի հայտ եկած որոշակի հանգամանքներից», - ասաց Տոնոյանը:

Մասնավորապես, ըստ նրա, «պարզվել է, որ ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր խեղաթյուրվել են տվյալ դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած անձի փոխարեն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ անձի, իսկ իրականում այդ սպանությունը կատարած անձը այդ գործով ընդամենը որպես վկա է կանչվել»:

Շահեն Տոնոյանի փոխանցմամբ` լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք է առաջադրել Վռամ Բաղդասարյանին, ում մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ, 10-րդ կետերով` «խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»:

Հարցին, թե որքանո՞վ է մեծ այստեղ Թամամյանի եւ Ադամյանի պատասխանատվության բաժինը, գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետը պատասխանեց. - «Հովհաննես Թամամյանը եւ Վարազդատ Ադամյանը իրենց պաշտոնական պարտականություններից բխող անհրաժեշտ բոլոր միջոցները չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, աղավաղմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների կեղծմանը»:

«Նկատի ունենալով այդ ամենը եւ նկատի ունենալով, որ Հովհաննես Թամամյանը եւ Վարազդատ Ադամյանը իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը, օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններից` գլխավոր դատախազը դեռ փետրվարի 23-ին դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին` ինչպես այդ խախտումները, կեղծիքները կանխելու եւ դրանք վերացնելու ուղղությամբ, այնպես էլ` լուծելու այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց, տվյալ դեպքում` Հովհաննես Թամամյանի եւ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Եվ ինչպես գիտեք` ոստիկանապետի հրամանով նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից», - ասաց Շահեն Տոնոյանը:

«Այլ մանրամասներ ներկա պահին նախաքննական մարմինը նպատակահարմար չի համարում հայտնել, թե կոնկրետ որ գործողություններն են դրանք` ելնելով նախաքննության գաղտնիությունից», - հավելեց Տոնոյանը:

«Բավարար տեղեկատվություն չե՞ն ունեցել նրանք այդ գործի վերաբերյալ եւ նախաքննությունը սխալ ուղղությամբ են տարել, թե՞ դիտավորություն կա այստեղ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետը արձագանքեց. - «Տվյալ հարցի պատասխանը արդեն նախաքննության գաղտնիությունը խախտելու ենթատեքստ ունի»:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ Ադամյանը զբաղեցրած պաշտոններից ազատվել են եւ գրանցվել կադրերի ռեզերվում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանով:

Ոստիկանությունից նաեւ հաստատեցին այն լուրը, որ օրերս Հովհաննես Թամամյանի հայրը` Ղուկաս Թամամյանը, ինքնասպանություն է գործել: Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այս փաստի առնչությամբ:
XS
SM
MD
LG