Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Գոյություն ունի արձանագրությունների վերակենդանացման միայն մեկ ուղի»


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

Գոյություն ունի ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման միայն մեկ ուղի` դրանք պետք է վավերացվեն եւ իրականացվեն առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում:

«Թուրքական կողմի հետ բանակցային գործընթացը բազում խոչընդոտներով լի երկար եւ բարդ գործընթաց էր: Նախարարական մակարդակով տեղի են ունեցել ավելի քան տասը հանդիպումներ: Օրինակ, Դավոսում Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ վարել ենք 35 ժամ տեւողությամբ բանակցություններ: Մենք վերջապես եկանք համաձայնության եւ Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրեցինք արձանագրությունները: Ստորագրելուն պես Թուրքիան դրանց վավերացման համար առաջ քաշեց նախապայմաններ», - ասել է Նալբանդյանը ավստրիական հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում, որի տեքստը տրամադրել են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

Հարցին` «արդյո՞ք թուրքական կողմը հետ կանգնեց գործընթացից` ընտրությունների հետ կապված նկատառումներից ելնելով», Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. - «Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընտրություններ, հանրային կարծիք: Եվ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»:

«Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` հավելելով. - «Կարծում եմ, այսօր թուրքական հասարակությունը, մի կողմից, ավելի շատ է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից` ավելի ըմբռնող է անցյալի նկատմամբ: Բանակցությունների մեկնարկն ու արձանագրությունների ստորագրումը նոր պատուհաններ բացեցին: Անցյալ տարի առաջին անգամ մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին թուրքական քաղաքներում Հայոց ցեղասպանության օրը հիշատակելու համար: Ավելի քան 30 հազար թուրք քաղաքացիներ ստորագրեցին մի խնդրագիր, որով ներողություն էին խնդրում հայ ժողովրդից»:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին Ադրբեջանի հասցրած վնասի առնչությամբ Նալբանդյանը ասել է. - «Աշխարհի բոլոր երկրները, բացի մեկից` Ադրբեջանից, աջակցում էին այս գործընթացին: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը իրավացի է: Հարաբերությունների կարգավորումը կարող էր օգտակար լինել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանի մաս է կազմում»:

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի համար, Հայաստանի արտգործնախարարը արձագանքել է. - «Ադրբեջանի իշխանությունները գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ սադրիչ գործողություններ իրականացնում: Միայն մեկ տարվա ընթացքում նրանք կրկնապատկել են իրենց ռազմական բյուջեն եւ մերժում են միջազգային հանրության կողմից արված առաջարկները` համաձայնության գալու ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման շուրջ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր մեկնաբանել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրված այդ վարքագիծը վտանգ չի ներկայացնում»:

«Բայց արդյո՞ք դուք պետք է լուրջ ընդունեք ձեր կողմից վկայակոչված այդ ռազմատենչ հայտարարությունները, կամ արդյո՞ք դրանք չեն արվում ավելի շատ Ադրբեջանի ներքին սպառման համար», - հարցրել է թղթակիցը, ինչին Նալբանդյանը պատասխանել է. - «Ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի խախտում է, եւ ռազմատենչ վարվելակերպին համարժեք արձագանք չտալը հնարավոր է հանգեցնի լուրջ հետեւանքների»:

Անդրադառնալով այն փաստին, որ Ավստրիան տարածաշրջանում միակ դեսպանությունը բացել է Բաքվում եւ ոչ թե Երեւանում կամ Թբիլիսիում, Էդվարդ Նալբանդյանը շեշտել է. - «Վիեննայում մենք մեր դեսպանությունը բացել ենք շատ տարիներ առաջ, որն առաջիններից մեկն էր անկախացումից հետո: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ Ավստրիան փոխադարձի համարժեք կերպով եւ ներկայացուցչություն բացի Երեւանում: Մեր նպատակն է մեր հարաբերությունները հասցնել առավել բարձր մակարդակի»:

Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկն իր թեկնածությունն է առաջադրել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հարցին` կաջակցի՞ արդյոք Հայաստանը նրան, Նալբանդյանը, մասնավորապես, արձագանքել է. - «Մենք դեռ որոշում չենք կայացրել թեկնածուների վերաբերյալ: Բայց կապված Թուրքիայի թեկնածուի հետ, մենք հայտնել ենք, որ չենք կարող աջակցել նրան, քանի որ տարբեր միջազգային կառույցներում Թուրքիայի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, տարբերվում են իրենց կողմնակալ մոտեցումներով եւ բաց չեն թողնում որեւէ հնարավորություն Հայաստանի դիրքորոշումների դեմ արտահայտվելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG