Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանականների հետ


Երեկ` Վիեննա պաշտոնական այցի առաջին օրը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի եւ խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հայնց Ֆիշերը Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմամբ եւ ամրապնդմամբ:

Նալբանդյանը Ավստրիայի նախագահին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Երեւան այցելելու հրավերը: Ֆիշերը ընդունել է հրավերը` ասելով, որ սիրով կայցելի Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, գործակցությունը Եվրամիության ծրագրերի եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարեւոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար:

Ավստրիացի պաշտոնակցի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով:

Միխայել Շպինդելեգերն ասել է, որ հայ - ավստրիական հարաբերություններում նոր էջ է բացվել, եւ Ավստրիան պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու համար:

Նախարարները բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակել միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Քննարկվել են նաեւ Հայաստան - Եվրամիություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ ակնկալիքները: Շպինդելեգերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին եւ հիմնախնդրի` բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը:

Ավստրիայի խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ ներկա է գտնվել խորհրդարանի լիագումար նիստին:

Առավոտյան Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:

Հայաստանի արտգործնախարարն այցելել է նաեւ Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը:

Այցի մեկնարկի օրը ավստրիական հեղինակավոր Der Standard օրաթերթը ծավալուն հարցազրույց է հրապարակել Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG