Մատչելիության հղումներ

Դինքի սպանության մեջ մեղադրվող Սամասթը` անչափահասների գործերով դատարանում


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում) տանում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007թ.

Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում) տանում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007թ.

Երկուշաբթի օրը Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի գործով առաջին դատական նիստն էր:

2010 թվականի հոկտեմբերին Բեշիքթաշի գերագույն քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, Սամասթի գործը անչափահասների դատարան տեղափոխեց` այն հիմնավորմամբ, որ սպանությունը կատարելիս Սամասթի 18 տարին լրացած չի եղել:

Փետրվարի 28-ի նիստին ներկա չեն եղել ո'չ Հրանտ Դինքի կինը, ո'չ զավակները, ո'չ եղբայրները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ էստուկյանը, Դինքի ընտանիքը բոյկոտել է այս դատական նիստը եւ պատրաստվում է բոյկոտել անչափահասների գործերով դատարանում նշանակված բոլոր դատական նիստերը:

«Դատական ընթացքը արդարություն շնորհելուց բավական հեռու գետնի վրա է», - ընդգծեց ստամբուլահայ խմբագիրը:

Բագրատ էստուկյանը, ով ներկա է եղել դատական նիստին, պատմեց, որ դատավորն իր դիմելաձեւով արդեն իսկ Սամասթի վերաբերյալ կանխակալ կարծիք էր ստեղծում, նրան դիմելով` «հանցանքի մղված անչափահաս»: «Իր տված պատասխաններն էլ առհասարակ անհեթեթություն էին», - փոխանցեց Էստուկյանը:

Մասնավորապես, դատավորը Սամասթին իր նախկին ցուցմունքներին առնչվող հարցեր է ուղղվել սպանության օրվա եւ հանգամանքների հետ կապված, որոնց Սամասթը խուսափողական պատասխաններ է տվել` պնդելով, թե 4 տարի անց ոչինչ չի հիշում:

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, Դինքի սպանության գործով նոր հանգամանքներ են պարզվել, սակայն մեկ այլ` «էրգենեկոն» խմբավորման դատավարությունից, որի ընթացքում ելույթ ունեցած վկաներից մեկը նշել է, որ Սամասթի հետ սպանության օրը եւս երկու հոգի են եղել. - «Հայր ու աղջիկ են, աղջիկը նկատել է, որ Օգյունի կողքին երկու անձինք եւս կան, եւ նույնիսկ նրանց` իրար հետ խոսակցությանն էլ տեղյակ էր: Բայց այդ հայտարարությունը բնավ նկատի չի առնվել դատական գործողության ընթացքում»:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան առաջ։

«Այն, ինչ այժմ բացահայտ է, արդեն 4 տարի առաջ էլ նույն չափով հայտնի էր, այսինքն` կրակողը հայտնի է, կրակողը իր հանցանքը չի ուրացել, այդ կրակողին զենք ապահովողը, Հրանտին սպանել խրախուսողը, թելադրողը` նա էլ է բռնված, նրանց կողքին կա երրորդը, եւ երեք հոգով այս գործը պիտի աշխատեն փակել», - շեշտեց Բագրատ Էստուկյանը` ամփոփելով. - «Փաստաբանները համոզված են, որ նրանց գործը դյուրացնող ահագին համակարգ կա` սա պետական պաշտոնյաներից բաղկացած համակարգ է, զինվորներից կամ սպաներից բաղկացած համակարգ է, եւ մինչեւ այդ մութ ծալքերը չհայտնաբերվեն` արդարություն չի հաստատվի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG