Մատչելիության հղումներ

Forbes. «Սամվել Կարապետյանն ու Ալիեւի խնամին Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույք ունեցող խոշորագույն գործարարներն են»


Forbes-ը ռուսական տարբերակի նախկին համարներից մեկը
Forbes-ը ռուսական տարբերակի նախկին համարներից մեկը
«Ռուսաստանում բնակվող ամենահայտնի հայազգի գործարարներից մեկը` «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը իր սեփականությունը հանդիսացող կոմերցիոն անշարժ գույքի վարձակալության միջոցով 2010 թվականին 410 միլիոն դոլար է վաստակել», - գրում է Forbes հանդեսի ռուսական տարբերակը:

Հանդեսը երեքշաբթի օրը հրապարակել է առեւտրային նպատակներով օգտագործվող անշարժ գույքի խոշորագույն 30 ռուսաստանցի սեփականատերերի ցանկը, որում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը երրորդ հորիզոնականում է:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանը, Forbes-ի պնդմամբ, այն եզակի ռուսաստանցի գործարարներից է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից առանց կորուստների է դուրս եկել:

«Ավելին, ճգնաժամի փուլում Կարապետյանը լրջորեն ընդլայնեց իր բիզնեսը` գնելով սնանկացող ընկերություններին պատկանող անշարժ գույքը: Այդ նախագծերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 2 միլիարդ դոլար ցուցանիշը», - պնդում է Forbes-ի հոդվածագիրը` հավելելով. - «Այսօր «Տաշիր»-ը բազմապրոֆիլային ընկերություն է, այն բիզնես է ծավալել տասնյակ ուղղություններով, այդ թվում` էներգետիկա, մանրածախ առեւտուր եւ հասարակական սնունդ: 2010-ին «Տաշիր գրուպ»-ի արձանագրած շահույթի ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար»:

Անդրադառնալով այն բիզնես ուղուն, որ վերջին 20 տարիների ընթացքում անցել է Կարապետյանը, Forbes-ը գրում է. - «Էմալապատ ամանեղենի գործարանի տնօրեն Կարապետյանը իր առաջին կապիտալը վաստակել է ռետինե իրերի արտարդությամբ զբաղվող կոոպերատիվ հիմնելով: Հետագայում արդեն նա տեղափոխվեց Կալուգա»:

Իսկ կոմերցիոն նշանակության անշարժ գույքի ռուսաստանցի սեփականատերերի` Forbes-ի կազմած ցանկը գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնամին` մոսկվաբնակ գործարար Արաս Աղալարովը: «Նրան պատկանող «Կրոկուս» ընկերությունների խմբի վարձակալության միջոցով ստացած շահույթի կեսից ավելին` 550 միլիոն դոլարը, Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսային կենտրոնի` «Կրոկուս էքսպո»-ի շահագործման արդյունք է», - գրում է Forbes-ը:

Աղալարովը ռուսաստանցի միակ գործարարն է, որ մասնավոր ներդրումներ է իրականացնում մոսկովյան մետրոյի շինարարությունում:

«Աղալարովը մասնակիորեն ֆինանսավորում է «Կրոկուս էքսպո»-ի տարածքում գտնվող «Մյակինինո» մետրոյի կայարանի շինարարությունը», - գրում է Forbes-ը` հատուկ հիշեցնելով. - «Արաս Աղալարովի որդին` Էմինը, Ադրբեջանի նախագահի դստեր` Լեյլա Ալիեւայի ամուսինն է: Բացի այդ, նա մասնակցում է իր հոր կողմից իրագործվող բիզնես նախագծերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG