Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղում չէ»


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան, նախկինում Մինսկի խմբում ԱՄն-ը ներկայացնող Մեթյու Բրայզայի կարծիքով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը «փակուղում չէ»:

«Հիմնվելով անձնական փորձառության վրա, որ ձեռք եմ բերել բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված լինելու ընթացքում, նաեւ այն, ինչին ականատես եմ դառնում այսօր` որպես կողմնակի դիտորդ, այս ամենն ինձ թույլ է տալիս պնդելու, որ զգալի առաջընթաց է արձանագրվել: Եթե մենք հետադարձ հայացք ենք ձգում, թե ինչ վիճակում էր բանակցային պրոցեսը 2004-ին կամ 2005-ին, ապա տեսնում ենք, որ այն ժամանակ բանակցային գործընթաց ընդհանրապես գոյություն չուներ: Բանակցությունները պարզապես կանգ էին առել: Դրանից ի վեր մի շարք կառուցողական եւ հուսադրող գաղափարներ են մշակվել: Այժմ պետք է մի փոքր էլ աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա: Կարող եմ ասել միայն, որ առաջընթաց եղել է եւ այժմ էլ այդ առաջընթացն արձանագրվում է», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է Մեթյու Բրայզան:

Դիվանագետը կտրականապես հերքել է Հարավային Կովկասի քաղաքական շրջանակներում եւ մամուլում պարբերաբար հայտնվող այն պնդումները, թե հակամարտության կարգավորումը վերջնականապես փակուղում է հայտնվել:

«Մենք փակուղում չենք, եւ դրա ապացույցը նաեւ համանախագահների վերջին հայտարարությունն են, որոնցում նրանք ասում են, թե վերջին հանդիպումների ընթացքում եւս առաջընթաց է գրանցվել», - նշել է Բրայզան:

Խոսելով Բաքվում իր պաշտոնավարման առաջնահերթությունների մասին` Միացյալ Նահանգների դեսպանը կրկին անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին` նշելով, թե բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ է աջակցել Մինսկի խմբում իրեն փոխարինած Ռոբերտ Բրադկեին:

«Չկա ավելի կարեւոր խնդիր, քան ունեցած բոլոր հնարարավորւթյունները կիրառելով օժանդակել Մինսկի խմբին, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել Lեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա անվտանգության ոլորտում մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն է: Լուրջ խնդիրներ կան, որ անհրաժեշտ է իրագործել էներգետիկայի ոլորոտւմ: Այս տարին շատ կարեւոր է լինելու այն ընկերությունների եւ պետությունների համար, որոնք փորձում են ձեւավորել «Հարավային միջանցքը»` ադրբեջանական գազը մատակարարելով Եվրոպա: Վերջապես, հրատապ խնդիրներից մեկը նաեւ շարունակվող ազատականացման գործընթացի խթանումն է: Խոսքը հանրային ոլորտում, քաղաքական դաշտում, տնտեսությունում իրականացվելիք բարեփոխումների մասին է», - ասել է նա:

«Այս երեք ոլորտներից թեկուզ մեկում արձանագրված առաջընթացը կարող է երկրաժամկետ ազդեցություն ունենալ», - հավելել է նա:

Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք նման ծավալուն աշխատանքն իրականացնել պաշտոնավարման մեկ տարում, եւ արդյոք նշանակման նման կարճ ժամկետը դեսպանին հետ չի պահում երկարաժամկետ ծրագրերում ներգրավվելու գաղափարից, Մեթյու Բրայզան պատասխանել է. - «Ոչ, դա այդպես չէ: Ես երկար տարիներ աշխատել եմ այս աշխարհամասում: Կարող եմ ասել, որ առկա են բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ, որոնց իրագործումը ես սկսել եմ դեռ իմ նախորդ պաշտոնում գտնվելու ընթացքում: Իմ պաշտոնավարաման ընթացքում ես շարունակելու եմ նախկինում սկսած գործը: Այն պայմաններում, երբ նախագահն արդեն իսկ կրկին առաջադրել է իմ թեկնածությունը, ԱՄՆ-ում գործող ժողովդրավարական համակարգն ու մեր երկրի Սենատը կորոշեն` արդյո՞ք ինձ պետք է հաստատել դեսպանի պաշտոնում, թե՞ ոչ: Ես այստեղ կաշխատեմ այնքան, որքան դա թույլ կտան ինձ մեր երկրի ժողովրդավարական գործըթնացները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG