Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են ավելի քան 30 տոկոսով


Երեքշաբթի օրը հայ-ադրբեջանական շփման գծի Իջեւան-Ղազախ սահմանագծի Կայան-Բալա Ջաֆարլի բնակավայրի հատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դաշտային օգնականները հրադադարի ռեժիմի պահպանման հերթական դիտարկումն անցկացրեցին:

Շուրջ 5 րոպե սահմանում անցկացված դիտարկումն անցավ առանց պատահարների ու միջադեպերի:

Դիտարկումից հետո լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանն ասաց, թե ադրբեջանական կողմը, լուրջ չվերաբերվելով դիտարկումներին, դրանց հարկադրաբար է մասնակցում:

Մկրտումյանը նշեց, որ ադրբեջանական կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները հասնում են 1500-ի, մինչդեռ հայկական կողմը կրակ է բացել 110 անգամ: Ընդ որում, անցած տարվա համեմատ այս տարի ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն ավելացել է 30-40 տոկոսով:

Նրա ներկայացրած տվյալներով, ադրբեջանական կողմը այս տարվա առաջին երկու ամիսներին դիպուկահար կրակ է բացել 192 անգամ, հայկական կողմը՝ 21 անգամ:

Այս տարվա առաջին երկու ամիսներին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հայկական կողմից զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ:
XS
SM
MD
LG