Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի մոտակա մարզերի բնակիչները չեն կարողանում հասնել Երեւան


Ոստիկանությունը դեպի Երեւան տանող ճանապարհներին հետեւում է երթեւեկությանը

Ոստիկանությունը դեպի Երեւան տանող ճանապարհներին հետեւում է երթեւեկությանը

Երեւանի մոտակա մարզերից մայրաքաղաք ուղեւորվող բնակիչները պնդում են, որ երեքշաբթի վաղ առավոտից հասարակական տրանսպորտը չի աշխատում:

Էջմիածնի մի քանի քաղաքացներ, ովքեր փորձում էին Երեւան հասնել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցնում էին, որ Էջմիածնի ավտոկայանից դեպի Երեւան բացի տաքսիներից հասարակական տրանսպորտ չի ուղեւորվել:

«Առավոտյան ժամը 10-ից որոշեցի գնալ Երեւան միտինգի: Էջմիածնի ավտակայանում են կանգնում երթուղային տաքսիները, 250 դրամով տանում են: Ժամը 10-ից երթուղային տաքսի չկա, մինչեւ հիմա սպասում ենք: Կողքից գրդոնչիները, փափախչիները գալիս են տաքսիներով կամ առանց տաքսու նշանի, 500 դրամով տանում են: Ես էլ գումար չունեմ, որ գնամ: 500 դրամ ունեմ, որ գնամ ու հետ գամ, էն հաշվարկով, որ 250 դրամ է [երթուղային տաքսին]», - ասաց Էջմիածնի բնակիչներից մեկը:

Ըստ այդ քաղաքացու` երթուղային տաքսիների դիսպեչերը եւ վարորդները իրենց ասել են, թե չեն աշխատում երեւանյան հանրահավաքի պատճառով:

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցի առնչությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է Երեւանի Մատենադարանին հարող տարածքում ժամը 5-ից հանրահավաք անցկացնել:

Էջմիածնի ավտոկայանի դիսպեչերի խոսքով` հիմնարկից այսօր ավտոբուս չեն հանել երթուղի, ասաց` իրեն հայտնի չէ, թե ինչ պատճառով: Փողոցի անկյունում կայանած Էջմիածին-Երեւան երթուղու «Գազել» մակնիշի երթուղայինններից մեկի վարորդն ասաց, որ Երեւան չի գնալու` նունպես չպատճառաբանելով, թե ինչու: Հատուկենտ երթուղայիններ Երեւան էին մեկնում, բայց առանց ուղեւորների:

Նույն իրավիճակն էր նաեւ Մասիսում: Քաղաքի ավտոկայանում «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին Մասիս-Երեւան ավտոբուսն արդեն լիքն էր ուղեւորներով, սակայն չէր մեկնում:

Արտաշատում, ի տարբերություն Էջմիածնի, իրավիճակը հսկում էին ոստիկանները: Չցանկանալով ձայնագրվել, մարդիկ ասում էին, որ իրավապահները իրենց թույլ չեն տալիս Երեւան ուղեւորվել նույնիսկ տաքսիով: Ավտոկայանում չկար Երեւան ուղեւորվող որեւէ ավտոբուս կամ երթուղային տաքսի: Արտաշատ-Երեւան մայրուղու վրա ծառայություն իրականացնող ոստիկանների խմբերից մեկի ղեկավար սպան ասաց, թե ոստիկանապետի հրամանով տասնօրյակ է իրականացվում` առեւանգված ավտոմեքենաներ հայտնաբերելու նպատակով, իսկ մյուս խմբի ղեկավարի խոսքով` զենք եւ զինամթերք են փնտրում: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նմանօրինակ պատասխան էին տվել նաեւ Նոր Հաճն-Երեւան ավտոճանապարհին ծառայություն իրականացնող, այս անգամ արդեն զինված ոստիկանները:

Գյումրիից «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեղեկացնում է, որ օրվա առաջին կեսի դրությամբ այնտեղ հասարակական տրանսպորտի հետ խնդիրներ չեն եղել:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նկատել է Հաղթանակի կամրջից դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոց գնացող ոստիկանության ջրցան մեքենա, որին ուղեկցում էին փշալարեր տանող ավտոմեքենան եւ ոստիկաններով լի մեկ տասնյակից ավելի ավտոբուսներ ու «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ: Դրանց մի մասին ավել ուշ տեսել են նաեւ Ազգային ժողովի հարեւանությամբ` Դեմիրճյան փողոցում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG