Մատչելիության հղումներ

Մուամար Քադաֆի. «Իմ ժողովուրդն ինձ սիրում է»


Լիբիա - Ընդդիմադիրները այրում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմանկարը, Բենգազի, 28-ը փետրվարի, 2011թ.
Լիբիա - Ընդդիմադիրները այրում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմանկարը, Բենգազի, 28-ը փետրվարի, 2011թ.
Միջազգային համայնքը հզորացնում է ճնշումը Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի նկատմամբ։ Ապստամբները վերահսկում են երկրի արեւելյան հատվածը եւ սեղմում են օղակը մայրաքաղաք Տրիպոլիի շուրջ, սակայն գնդապետ Քադաֆին այդ ամենը անտեսում է։

BBC եւ ABC հեռուստակայանների եւ Լոնդոնում լույս տեսնող The Tmes օրաթերթի լրագրողներին տված հարցազրույցում նա վստահեցրել է, թե ժողովուրդը իրեն սիրում է եւ պատրաստ է զոհվել իր համար։

Լիբիայի ղեկավարը հայտարարել է, թե երկրում կայունություն է, եւ ինքը, իբր, կարող է առանց որեւէ դժվարության մեկնել ցանկացած շրջան։

Արձագանքելով լրագրողների այն պնդմանը, որ այնուամենայնիվ տեղի են ունենում բախումներ, կան զոհեր, կա զինված մարդկանց տեղաշարժ, գնդապետն ասել է, թե այդ գրոհները «Ալ-Ղաիդա»-ի ահաբեկիչներն են կազմակերպում են, իսկ դրանց մասնակիցները գտնվում են թմրադեղերի եւ հալյուցինոգեն նյութերի ազդեցության տակ։

Քադաֆին կշտամբել է Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը ներկայացնող լրագրողներին` հիշեցնելով, որ ժամանակին Լիբիան այդ երկրների հետ համատեղ պայքարել է «Ալ-Ղաիդա»-ի դեմ, եւ Ամերիկան չեղյալ է հայտարարել պատժամիջոցները, երբ Լիբիան համաձայնել է հրաժարվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու ծրագրից։

«Ես զարմացած եմ, մենք Արեւմուտքի հետ մի դաշինքում էինք, բայց հիմա Արեւմուտքը լքում է մեզ», - ասել է Քադաֆին։

Նա նաեւ խոսել է Միացյալ Նահանգների նախագահի մասին` ասելով, թե «Բարաք Օբաման լավ մարդ է, բայց նրան թյուրիմացության մեջ են գցել»։

Լրագրող Քրիսչյըն Ամանփուրի փոխանցմամբ` Քադաֆին կտրականապես հերքել է բողոքի ակցիաների մասին լուրերը։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսի համոզմամբ, Լիբիայի ղեկավարը պարզապես կորցրել է կապը իրականության հետի հետ եւ օր առաջ պետք է հեռանա` նոր բախումները կանխելու համար։

Այդ միտքն է հայտնել նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով, սակայն, հավելել է, որ «գնդապետն ու նրա մերձավոր շրջապատը պետք է պատասխանատվության կանչվեն միջազգային իրավական պարտավորությունները եւ պարկեշտության կանոնները խախտելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG