Մատչելիության հղումներ

Փաշինյանի հայտարարության առնչությամբ գործ է հարուցվել


Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում, մարտ, 2010թ.
Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում, մարտ, 2010թ.
Փետրվարի 16-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, համաձայն որի` 2010 թվականի նոյեմբերին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անհայտ անձինք հարձակում են գործել իր վրա եւ ծեծի ենթարկել:

Քրեակատարողական հիմնարկը անցած տարի անցկացրած քննության արդյունքում պարզել էր, որ Փաշինյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, որ նրան որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, եւ հետեւաբար` հրաժարվել էր քրեական գործ հարուցել:

Փաստորեն, գլխավոր դատախազը վերացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ գործ հարուցել Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, տվյալ դեպքում` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, այս տարվա հունվարի 27-ին Նիկոլ Փաշինյանը Աղվան Հովսեփյանին հասցեագրած դիմումով բողոքարկել էր հետաքննության մարմնի կայացրած որոշումը: Գլխավոր դատախազությունը, ստուգելով քրեակատարողական հիմնարկի կայացրած որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը, պարզել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, եւ հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական բոլոր միջոցառումները: Մասնավորապես, նյութերով լիարժեք չի պարզվել, թե Նիկոլ Փաշինյանի կացարանում որքան դատապարտյալ է եղել, ոչ բոլոր դատապարտյալներից են ստացվել բացատրություններ, հանգամանորեն չեն ստուգվել Փաշինյանի պնդումները: Հետաքննության մարմինը նաեւ իրավական գնահատական չի տվել Փաշինյանի հաղորդմանը:

Գլխավոր դատախազի որոշմամբ` քրեական գործի նախաքննությունը հանձնվել է Ոստիկանության քննչական վարչության Արագածոտնի բաժնին:

Այս գործի հարուցումը Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը բացատրում է Եվրոպական դատարանի կողմից այս միջադեպի շուրջ ցուցաբերած հետաքրքրությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը մի շարք հարցեր էր ուղարկել Փաշինյանին` նրա վրա կատարված հարձակման մասին մանրամասներ ճշտելու նպատակով:

«Ես կարող եմ ենթադրել, որ եթե այդ հարցերը ուղարկվել են Նիկոլին, ուղարկվել են նաեւ Արդարադատության նախարարություն, քրեակատարողական վարչություն եւ այս մարդկանց այլ բան չի մնացել անելու, քան ընթացք տալ, որովհետեւ իրենք կարող են ինքնասիրություն չունենալ, ամոթ չունենալ, պատիվ չունենալ, իրենք այդ ամենի վրա կարող են թքած ունենալ, բայց որ հերթը հասնում է Եվրոպական դատարանին եւ արդեն պատասխան տալուն, իրենք կարող են քայլեր ձեռնարկել: Սա այդ դեպքերից մեկն է», - ասաց Հակոբյանը, ով կարծում է, որ գլխավոր դատախազի այս որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հունվարյան այցը Հայաստան:

Առաջիկայում սպասվում է նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Երեւան, եւ Փաշինյանի կնոջ համոզմամբ, եվրոպական այս կառույցների ուշադրության արդյունքում Հայաստանի իշխանությունները այլ ելք չեն ունեցել, քան քրեական գործ հարուցել:

please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG