Մատչելիության հղումներ

Լրացավ մարտի 1-ի իրադարձությունների երրորդ տարին


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Երեքշաբթի օրը լրանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երրորդ տարին: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է տարելիցը նշել Երեւանի Մատենադարանին հարող տարածքում անցկացվելիք հանրահավաքով:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք կարելի է սպասել, որ հանրահավաքի մասնակիցներին կառաջարկվի կոնկրետ գործողությունների ծրագիր. - «Այո, հանգիստ կարելի է դա ակնկալել, որովհետեւ իսկապես կառաջարկվի շատ կոնկրետ գործողությունների ծրագիր»:

Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում, Լեւոն Զուրաբյանի խոսքերով, «կլինեն շատ կարեւոր շեշտադրումներ, որոնք ամբողջ ժողովրդին կդարձնեն մեր պայքարի մասնակից»:

Հարցին, թե հատկապես ի՞նչ խնդիրներ են շոշափվելու Տեր-Պետրոսյանի ելույթում, Հայ ազգային կոնգրեսի համակարգողը արձագանքեց. - «Այսօր ժողովուրդը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, եւ բոլորին հուզում է հետեւյալ հարցը` թե որն է ելքը ստեղծված իրավիճակից: Ահա հենց դրա մասին էլ կխոսի Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

«Մենք կոչ ենք արել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք համարում են, որ սեփական ժողովրդի վրա կրակելը հանցագործություն է, իրենց համակիրներով հանդերձ գալ եւ մասնակցել մեր հանրահավաքին, որովհետեւ մեր հանրահավաքում մենք պետք է ապացուցենք այս իշխանություններին, որ «Մարտի 1» այլեւս չի կրկնվի», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսվեցին զանգվածային միջոցառումներ, նստացույց եւ հացադուլ Երեւանի Ազատության հրապարակում, որոնց մասնակիցները բողոքարկում էին ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցրեց ցուցարարներին: Բողոքի ակցիան շարունակվեց Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ, ինչին հաջորդեց բախումը ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Երեկոյան սկսված եւ մարտի լույս 2-ի գիշերը շարունակված բախման հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում` 2 զինվորական: Հայտարարվեց հատուկ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:

Մինչեւ օրս բացահայտված չեն 10 զոհերի սպանության հանգամանքները, պատժված չեն սպանության մեղավորները: Նախաքննությունը դեռ շարունակվում է:

«Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունը չկարողացավ տալ հասարակությանը հուզող գլխավոր հարցի պատասխանը` ովքե՞ր են մեղավոր 2008-ի հետընտրական իրադարձությունների ընթացքում մահացած 10 անձանց մահվան համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` շարունակելով. - «Անպատժելիությունը բերում է նոր հանցանքներ: Այս իշխանությունները տարբեր միջազգային ամբիոններից հայտարարում են` քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել, դրա մասին աշխարհը չի խոսել, չի ընդունել, հետեւաբար մյուս ցեղասպանությունները բացառված չեն: Այո, շատ ճիշտ են ասում: Նույնն էլ մեր երկրում է կատարվում. քանի դեռ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել` իր կազմակերպիչներով, իր հրահրիչներով, Մարտի 1-ը չի բացահայտվել, քանի դեռ այդ 10 անմեղ զոհերի պատճառը հասարակությունը չգիտի, եւ չեն պատժվել մարդիկ, ոչ մի երաշխիք չկա, որ չի կրկնվելու»:

Իշխանական կուսակցություններից «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ էր, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանձնաժողովի անդամների վրա «իրականությունը բացահայտելու հարցում իշխանական բարձրագույն օղակների կողմից ճնշումներ չեն եղել»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները պնդում են, որ «իշխանությունը քաղաքական կամք չունեցավ բացահայտելու Մարտի 1-ը», եւ հարցին, թե արդյոք տեղին չէր լինի այդ կամքը ցուցադրելու համար որոշ պաշտոնյաների հեռացնել աշխատանքից, Զոհրաբյանը արձագանքեց. - «Ես կոռեկտ չեմ համարում այս հարցին պատասխանելը, որովհետեւ դա բացառապես իմ իրավասության տիրույթում չէ»:

Պատգամավորը, այդուհանդերձ, ավելացրեց. - «Ըստ էության, այնպես չէ, որ պաշտոնանկություններ չեղան, այնպես չէ, որ մարդիկ պատասխանատվության չենթարկվեցին, եւ եթե մենք հետահայաց հիմա նայում ենք, թե մարտի 1-ից հետո իրավապահ համակարգում ինչ փոփոխություններ եղան, դժվար է ասել, որ դրանք կապված չէին Մարտի 1-ի հետ»:

Ազգային ժողովում այսօր քննարկումներ, հայտարարություններ, ելույթներ Մարտի 1-ի թեմայով չեղան: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 10 զոհերի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG