Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ՀԱԿ-ի ակտիվիստներին հորդորում է չմասնակցել մարտի 1-ի հանրահավաքին


ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը փետրվարի 18-ին
ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը փետրվարի 18-ին
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները ահազանգում են, որ ոստիկանության աշխատակիցները այցելում են իրենց տներ եւ հորդորում են չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին: ՀԱԿ ներկայացուցիչների փոխանցմամբ` ոստիկանությունը նաեւ հրավերներ է ուղարկում քաղաքացիներին` ոստիկանության այս կամ այն բաժին ներկայանալու համար:

Օրերս ոստիկանության Դավիթաշենի բաժին են կանչել նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ իրեն ոստիկանության բաժնում ասել են, թե մարտի 1-ին կազմակերպված հանրահավաքին չգնա, եւ որ այդ հանրահավաքը նկարահանվելու է:

Հարցին, թե ոստիկանությունը հանրահավաքին չմասնակցելու համար ի՞նչ հիմնավորում է ներկայացրել, Ղազարյանը պատասխանեց. - «Բայց ի՞նչ հիմնավորում կարող են ներկայացնել: Հիմնավորումը այն է, որ իրենք հրահանգը ստացել են, հլու - հնազանդ կատարում են այդ հրահանգը: Ես էդ մարդկանց չեմ մեղադրում»:

Ոստիկանության գործողությունների մասին ահազանգում են նաեւ ՀԱԿ-ի տարածքային կառույցները: Էրեբունու կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ անցած մի քանի օրերի ընթացքում ոստիկանները այցել են մոտ 35 ակտիվիստների բնակարաններ եւ հորդորել են չգնալ երեքշաբթի օրվա հանրահավաքին: Նրա փոխանցմամբ` ոստիկանության աշխատակիցները ակտիվիստներին խնդրել են, որ եթե հանրահավաքին մասնակցելու են, գոնե երթին չմասնակցեն:

Այն, որ ոստիկանությունը վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ է կազմակերպում ընդդիմության ակտիվիստների հետ, հաստատեց նաեւ ՀԱԿ-ի Գյումրիի տարածքային կառույցի զեկավար Աշոտ Զաքարյանը: Նրա փոխանցմամբ` ոմանց կանչում են բաժին, ոմանց տուն են այցելում, որոշ մասի հետ էլ փողոցում են հանդիպում:

ՀԱԿ-ի անդամներից շատերը չեն ցանկանում ձայնագրվել եւ պատմել, թե ինչպես են ոստիկաններն այցելել իրենց բնակարաններ կամ կանչել բաժիններ: Մարդիկ պատճառաբանում են, որ իրենց ձայնը կարող են ճանաչել եւ իրենք հետագայում կարող են խնդիրներ ունենալ թե' իրավապահ մարմինների հետ, թե աշխատանքի վայրում:

Սակայն այսօր «Ազատություն» ռադիոկայան զանգահարած քաղաքացիներից մի քանիսը համաձայնվեցին ձայնագրվել` իրենց անունները չհրապարակելու պայմանով:

Ոստիկանության լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ վաղվա հանրահավաքի հետ կապված որեւէ մեկին ոստիկանություն չեն կանչում: Իսկ Սամսոն Ղազարյանի դեպքի վերաբերյալ ասացին, թե կշճտեն` արդյո՞ք նման բան տեղի է ունեցել, թե` ոչ:

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG