Մատչելիության հղումներ

«Հեղափոխականության ցուցիչ». ո՞վ է հաջորդը


Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում տոնում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, 11-ը փետրվարի, 2011թ.

Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում տոնում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, 11-ը փետրվարի, 2011թ.

The Wall Street Journal-ի հեղինակներից Ալեն Մատիչը հրապարակել է «հեղափոխականության ցուցիչ», որով փորձում է պարզել, թե որտեղ են հնարավոր իշխանափոխության հանգեցնող բախումներ։

Ալեն Մատիչը խոստովանել է, որ հետազոտությունն անցկացրել է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի հուզումնառատ զարգացումների ազդեցության արդյունքում։ Նա ընդգծում է, որ ցուցիչը պետք չէ համարել փորձագիտական զեկույց, որի հիման վրա կարելի է ինչ-ինչ կանխատեսումներ անել։

Մատիչը պարզաբանում է, որ ցուցիչը կազմելիս հաշվի չի առել, ասենք, միջցեղային տարաձայնությունները, որոնք դեր են կատարում արաբական որոշ երկրներում, անտեսել է բջջային կապի եւ հեռուստատեսության տարածվածությունը, ինչպես նաեւ արեւմտյան արժեքների հանդեպ այս կամ այն երկրի վերաբերմունքը։

Իսկ գործոնները, որոնք նա դրել է հետազոտության հիմքում, երեքն են:

Դրանցից առաջինը սոցիալական անարդարությունն է, որը կազմելիս Մատիչը օգտագործել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման եւ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ցուցիչները։

Երկրորդ գործոնը տվյալ երկրի բնակչության միջին տարիքն է, գործազրկության եւ համախառն ներքին արդյունքի վիճակագրությունը, որը վերցված է ԱՄՆ-ի Կենտրանական հետախուզական վարչության տեղեկատուից։

«Աղքատ երկրները, որտեղ ապրում են մեծ թվով երիտասարդներ, կարող են ավելի արագ բռնկվել, քան ծերացող բուրժուական Եվրոպան», - նշում է հեղինակը։

Երրորդ գործոնը ընտանեկան բյուջեներում պարենին հատկացվող բաժինն է. որքան այն բարձր է, այնքան մեծ է ընդվզումների վտանգը։

Ըստ Ալեն Մատիչի կազմած ցուցիչի, առավել կայուն են եւ հեղափոխական ընդվզումներից ապահովագրված Շվեդիան, Ավստրիան, Կանադան, Դանիան, Գերմանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Հոլանդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան եւ բարեկեցիկ մնացյալ պետությունները։

Հարկ է նկատել, որ այդ պետություններում ցածր է կոռուպցիան եւ չկան լուրջ խնդիրներ մամուլի ազատության ու մարդու իրավունքների ապահովման ասպարեզներում։

Իսկ առավել վտանգված երկրների թվում են Քենիան, Կամերունը, Պակիստանը, Նիգերիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Գվատեմալան, Մարոկոն, Հորդանանը եւ Ադրբեջանը։

Հայաստանի հարեւաններից Վրաստանը 18-րդն է, Իրանը` 27-րդը, Թուրքիան` 36-րդն է, Հայաստանի դաշնակից Ռուսաստանն էլ` 40-րդը։

Ցանկում կա 85 պետություն։ Տասնյակ այլ երկրներ, դրանց թվում` Հայաստանը, այս ցանկում ընդհանրապես ընդգրկված չեն, ինչը չի վկայում ո'չ վտանգի եւ ո'չ էլ վտանգից պաշտպանված լինելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG