Մատչելիության հղումներ

Տիգրան Կարապետյանը «կարմիր քարտ» ցույց տվեց իշխանություններին


Տիգրան Կարապետյանի աջակիցները փետրվարի 28-ի հանրահավաքում
Տիգրան Կարապետյանի աջակիցները փետրվարի 28-ի հանրահավաքում
Երեւանում երկուշաբթի օրը կայացավ ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության նախօրոք հայտարարված հանրահավաքը, որի մեկնարկից առաջ ակցիայի մասնակիցներին էին բաժանվում նախապես պատրաստված, այսպես կոչված «կարմիր քարտերը», որոնց դարձերեսին գրված էր Տերունական աղոթքը:

Երկու շաբաթ առաջ կայացած հանրահավաքի ժամանակ Ժողովրդական կուսակցության ղեկավար ՏիգրանԿարապետյանը 17 կետերից բաղկացած «հանրային պահանջագիր» էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրված քաղաքական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների գոնե կեսը առաջիկա երկու շաբաթներին չիրականացնելու դեպքում սպառնացել էր «կարմիր քարտ» ցույց տալ իշխանություններին:

Այսօր նա իր ելույթի ժամանակ կոչ արեց հավաքվածներին ցույց տալ այդ «կարմիր քարտը»:

«Իրենց վարած քաղաքականությանը չենք վստահում: Մենք թույլ չենք տա, որ մեզ հետ վարվեն անարժանապատիվ, մենք թույլ չենք տա անարդարությանը: Եթե պետությունն է դառնում կծող, խաբող, պառակտող, մատնող, ուրեմն մենք չենք կարող ունենալ ապագա», - հայտարարեց Կարապետյանը:

Նախորդ հանրահավաքի ժամանակ հայտարարված արտահերթ ընտրությունների պահանջը այսօր չհնչեց, փոխարենը Ժողովրդական կուսակցության ղեկավարը հայտարարեց հերթական հանրահավաքի օրվա մասին` մարտի 21-ին:

«Ուրեմն ամսի 21-ին մենք էլ չենք պահանջի արտահերթ ընտրություններ, այլ կպահանջենք, որ իրենք հեռանան մեզանից», - հայտարարեց Կարապետյանը:

Նրա այս հայտարարությունը ցույցի մասնակիցները միանշանակ չընդունեցին, ոմանք բացականչեցին, որ պետք չէ հապաղել:

Ժողովրդական կուսակցության այսօրվա հանրահավաքին ներկա էին նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնողներ` Ժիրայր Սեֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը: Սեֆիլյանը իրենց ներկայությունը հարթակում այսպես բացատրեց. - «Մեր գլխավոր խնդիրը բոլոր դիմադրող, համախմբված օղակներին համախմբելն է եւ այդ համախմբվածությամբ ձերբազատվելը այս օկուպացիոն ռեժիմից: Գլխավոր պատճառը, որ այստեղ ենք, այն է, որ ժողովուրդը պատրաստ է դիմադրելու, մենք խոսք ունենք նրանց ասելու եւ ոչ միայն այսօր` պարբերաբար, մինչեւ հաղթանակ»:

Սեֆիլյանը նաեւ տեղեկացրեց, որ «Սարդարապատ» շարժման անդամներից մեկը ելույթ կունենա Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքում: Ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հայտարարեց, որ այսօր հայ ժողովրդին պակասում է միասնականությունն ու միակամությունը: Ըստ նրա` իրավիճակը կարելի է մեկ օրում փոխել, եւ Հայաստանում իշխանությունը նորից հանձնել ժողովրդին, որի համար պետք է որոշվի «Հայաստանի քաղաքացիների ժողովի օրը»:

Հանրահավաքի ժամանակ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, թե մարզերից Երեւան տանող ճանապարհները փակվել են, եւ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել գալ հանրահավաքին, թեեւ ակցիայի մասնակիցների թվում կային նաեւ մարզերից, մասնավորապես Կոտայքից եւ Արմավիրից ժամանածներ:

Տեղեկություն կար նաեւ այն մասին, թե բուհերում ուսանողներին պարտադրել են մասնակցել հանրահավաքին: Կուսակցության երիտասարդական խորհրդի ղեկավար Էմիլյա Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` ոչ թե հրահանգել են, որ գան, այլ խնդրել են: Հարցին թե, ով է խնդրել, Ներսիսյանը պատասանեց. «Ժողովուրդը` մեկը մեկի հետ զրուցելով, տեղեկացնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG