Մատչելիության հղումներ

«Հավանականությունը մեծ է, որ 2012-ից հետո էլ Ռուսաստանը կղեկավարի Պուտինը»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ այս տարի ավելի ուշ կհայտնեն, թե իրենցից ով է առաջադրվելու 2012 թվական նախագահական ընտրություններում:

Նրանք ակնարկել են, որ 6-ամյա նախագահական ժամկետի համար չեն առաջադրվի երկուսով:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը վերլուծություն է ներկայացրել Ռուսաստանում 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում սպասվող հավանական սցենարների վերաբերյալ: Վերլուծաբանը գտնում է, որ անկախ նրանից, թե ով նախագահի թեկնածու կառաջադրվի, հավանականությունը մեծ է, որ Պուտինը կշարունակի ղեկավարել Ռուսաստանը:

Առաջին հավանական սցենարը Պուտինի վերադարձն է Կրեմլ:

2000-2008 թվականների տնտեսության նավթային բումի ընթացքում Ռուսաստանի նախագահ, այժմ վարչապետ Պուտինը Ռուսաստանի ամենահանրահայտ քաղաքական գործիչն է եւ կարող է հեշտությամբ հաղթել, եթե մասնակցի ընտրություններին:

Վարչապետի պաշտոնում նա կարող է նշանակել Մեդվեդեւին` այսպիսով երկարաձգելով գործող տանդեմի իշխանությունը, սակայն փոխելով դերերը: Սա կնշանակի, որ աստիճանական բարեփոխումներ կատարելու ջանքերը` էներգակիրներից Ռուսաստանի կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, կշարունակվեն, ջանքեր, որ մինչ օրս ձախողվել են, նշում է վերլուծաբանը:

Պուտինի վերադարձը Կրեմլ կնշանակի երկրի ներքին քաղաքական դաշտի վերահսկությության պահպանում` կայունության անվան տակ, ինչը կարող է աճող ընդդիմության պատճառ դառնալ, եթե Ռուսաստանի զարգացող միջին խավն ավելի մեծ ժողովրդավարություն պահանջի:

Բացի այդ, Պուտինի վերադարձը, ով ընկալվում է որպես «սառը պատերազմի» գաղափարախոսությունների կրող, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը զգուշորեն կողջունեն:

Վերլուծաբանները կարծում են, որ ընտրվելու դեպքում Պուտինը կկոշտացնի հարաբերություններն Արեւմուտքի հետ:

Տնտեսական ոլորտում Պուտինը թեեւ չի հրաժարվի Մեդվեդեւի սկսած արդիականացումից, սակայն կարող է հետքայլ կատարել դեպի տնտեսության ավելի ավանդական ճյուղեր եւ էներգետիկ հատված:

Երկրորդ տարբերակը Մեդվեդեւի առաջադրումն է:

Եթե Մեդվեդեւը Պուտինի աջակցությամբ առաջադրվի նախագահության թեկնածու, ապա հաղթելու ճանապարհին շատ քիչ խնդիրների կհանդիպի: Նա կշարունակի հետամուտ լինել տնտեսության դիվերսիֆիկացման եւ արդիականացման նպատակներին, որոնց հասնելու համար մինչ օրս քիչ բան է արվել:

Եթե Պուտինը մնա վարչապետի պաշտոնում, Ռուսաստանի իշխանական համակարգում փոփոխություններն աննշան կլինեն, եւ նախագահ Մեդվեդեւին դժվար կլինի քաղաքական անկախ օրակարգ ձեւավորել:

Եթե Մեդվեդեւը որոշի այլ վարչապետ նշանակել, ապա Պուտինի հաստատման կարիքը կունենա, սակայն այդ քայլը սպասելի չէ եւ Պուտինի ապագա դերակատարության մասին հարցեր կառաջացնի:

Շատ պաշտոնյաներ ասում են, որ Պուտինը կշարունակի ղեկավարել որպես նախագահ կամ վարչապետ, նա կարող է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա նույնիսկ այլ պաշտոններում` այդ թվում եւ որպես իշխող կուսակցության նախագահ:

Եթե Պուտինը հրաժարվի գլխավորի դերից, Մեդվեդեւը պետք է ապացուցի, որ կարող է վերահսկողության տակ պահել երկիրը` հզոր ուժային համակարգով, ազդեցիկ մեծահարուստներով, աճող ազգայնական շարժումներով եւ ընդդիմությամբ հանդերձ:

Եթե քաղաքական կամ տնտեսական կայունությունը վտանգի տակ հայտնվեն, Պուտինը կարող է վերադառնալ` կարգուկանոն հաստատելու համար:

Երրորդ տարբերակը, որ Մեդվեդեւն ու Պուտինը միմյանց դեմ կպայքարեն եւ առանձին-առանձին առաջադրվեն նախագահի պաշտոնի համար, վերլուծաբանները քիչ հավանական են համարում` լինի դա փոխադարձ համաձայնության, թե պառակտման արդյունք:

Եթե Մեդվեդեւը որոշի առաջադրվել առանց Պուտինի հաստատման, ապա դա մեծ խնդիրներ կառաջացնի նրա համար, քանի որ նրան աջակցողները փոքրաթիվ են: Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է, որը գերակայում է խորհրդարանում եւ վարչական լծակներ ունի երկրի ամբողջ տարածքում:

Վերլուծաբանները եւս մեկ տարբերակ են տեսնում, ըստ որի` Պուտինը կարող է որոշել նախագահի թեկնածու առաջադրել ոչ թե իրեն կամ Մեդվեդեւին, այլ մի երրորդ անձի, ով կարող է կյանքի կոչել ժողովրդի համար անհաճո այնպիսի փոփոխություններ, ինչպիսին է, օրինակ, կենսաթոշակային տարիքի բարձրացումը:

Այս սցենարը, սակայն, դեռ քիչ հավանական է, քանի որ քաղաքական հարթակ հանելու համար որեւէ մեկին պատրաստելու նշաններ առայժմ չեն երեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG