Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը հրաժարական տվեց թունիսյան ճգնաժամի հետ կապված


Միշել Ալիո-Մարի
Միշել Ալիո-Մարի
Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալիո-Մարին հայտարարել է իր հրաժարականի մասին` Թունիսի նախկին վարչակազմի հետ իր կապերի առնչությամբ շաբաթներ տեւած քննադատությունից հետո:

Միաժամանակ, ինչպես փոխանցում է BBC-ն, Ալիո-Մարին պնդել է, որ որեւէ վատ բան չի արել, եւ իր հերթին խստորեն քննադատել է լրատվամիջոցներին:

Միշել Ալիո-Մարին Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարությունը ստանձնել էր ընդամենը երեք ամիս առաջ:

Նա քննադատության թիրախ էր դարձել Թունիսում ժողովրդական ընդվզման սկզբնական փուլում այդ երկրի վարչակազմին Ֆրանսիայի օգնությունը առաջարկելու համար:

Ավելի ուշ բացահայտումներ էին արվել Թունիսի նախկին նախագահ Զին Էլ-Աբիդին Բեն Ալիի հետ Ալիո-Մարիի եւ նրա ընտանիքի կապերի շուրջ, ինչպես նաեւ պարզվել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարը Սուրբ Ծննդյան արձակուրդը Թունիսում էր անցկացրել, երբ այդ երկրում ժողովրդական շարժումն էր տեղի ունենում:

«Չհամարելով հանդերձ, թե որեւէ զանցանք եմ գործել, ես որոշել եմ ազատվել արտգործնախարարի աշխատանքից», - ասված է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սակոզիին Միշել Ալիո-Մարիի գրած հրաժարականի նամակում, որի պատճենը ձեռք է բերել «Ֆանսպրես» լրատվական գործակալությունը:

«Արդեն շաբաթներ ես քաղաքական, ապա եւ մամուլի հարձակումների թիրախ եմ, որը կասկածներ հարուցելու համար խեղաթյուրում է ճշմարտությունը եւ դիմում ընդհանրացումների», - գրել է Ալիո-Մարին` հավելելով, որ վերջին երկու շաբաթներին արդեն իր ընտանիքի մասնավոր կյանքն է «իսկական հետապնդման ենթարկվում որոշ լրատվամիջոցների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG