Մատչելիության հղումներ

Ակցիաներ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց


Ուրբաթ օրը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացվել է բողոքի բազմամարդ ցույց` ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի:

Հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող երիտասարդները պահանջել են դատապարտել Սումգայիթի ոճիրը, պատժել դրա կազմակերպիչներին եւ իրագործողներին, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու ընտրությունը:

Սումգայիթի իրադարձությունների 23-ամյա տարելիցի կապակցությամբ նույն օրը Լոս Անջելեսի հայ երիտասարդները բողոքի զանգվածային միջոցառում են կազմակերպել Ուիլշեր պողոտայի վրա` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ:

«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսության առջեւ նրանք վանկարկել են «Ադրբեջա՛ն, դադարի՛ր հովանավորել ահաբեկությունը», «Ալի՛եւ, դադարի՛ր ատելություն սփռել», «Ադրբեջա՛ն, ձեռքերդ հեռու Հայաստանից եւ Ղարաբաղից», «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» եւ այլ կարգախոսներ:

Սումգայիթյան ողբերգության 23-ամյա տարելիցի կապակցությամբ Հայ հեղափոխական դաշնակցության Հունաստանի կազմակերպության Երիտասարդական միության անդամները շաբաթ օրը բողոքի ակցիա են կազմակերպել Աթենքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ:

Ցույցին միացել են նաեւ Աթենքի հայ համայնքային այլ շրջանակների ներկայացուցիչներ, անհատներ:

Ցույցի մասնակիցները ադրբեջանական դեսպանատան առջեւ պարզել են Հայաստանի ու Ղարաբաղի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող հայերեն, հունարեն ու անգլերեն պաստառները, վանկարկել են սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր:

Ակցիաների մասին հաղորդում են Միացյալ Նահանգների եւ Հունաստանի հայ համայնքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG