Մատչելիության հղումներ

Փետրվարի 26-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը մի քանի անգամ ավելի հզոր էր, ըստ էության նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել Հայաստանում։ Նման իրավիճակում շատ կարեւոր է հասկանալ, թե ո՞րն է, ի վերջո, Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, եւ ի՞նչ ընտրություն ունեն իշխանություններն իրենց հետագա քայլերում։ Զուտ տեսականորեն իշխանությունները կարող են ընտրել երեք ճանապարհ։ 1. Կտրուկ քայլերով թուլացնել սոցիալական լարվածությունը՝ նվազեցնել հարկերը, կանխել գնաճը եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել անապահովներին (ինչպես դա արեցին Սաուդյան Արաբիայի կամ Քուվեյթի իշխանությունները եւ հիմա համեմատաբար հանգիստ են)։ 2. Շարունակել թալանը եւ փորձել իշխանությունը պահել ուժային կառույցների միջոցով՝ հույս ունենալով, որ իրենց կհաջողվի այն, ինչ չհաջողվեց Եգիպտոսի, Թունիսի եւ Լիբիայի իշխանություններին։ 3. Չսպասել, մինչեւ սոցիալական բունտն ահագնացող չափերի հասնի, եւ նախապես ծրագրել «կազմակերպված նահանջը»՝ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցելով այն ուժերին, որին ձայն կտա ժողովուրդը»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Որքան հասկանում ենք, 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան ընդդիմադիր ուժերի միավորման հարցը հետաքրքրում է միայն լրատվամիջոցներին, որն, ի դեպ, ավելին չէ, քան սպորտային հետաքրքրությունը: Մնացած բոլորին` ժողովրդին, իշխանությանը դա բացարձակապես չի հետաքրքրում: Իսկ առաջին հերթին չի հետաքրքրում ընդդիմադիր ուժերին, որոնք ընդամենը բավարարվում են միավորման հնարավորության մասին հայտարարություններ անելով: Այն էլ լրատվամիջոցներից «յախան պրծացնելու» համար: Իրականում, սակայն, նրանց բնավ այդ հարցը չի հուզում: Ճիշտ է, ընդդիմադիր ուժերը մինչեւ 2012-ի փետրվար ամիսը դեռ կշարունակեն խոսել «ընդդիմադիր միասնական ճակատ» ձեւավորելու անհրաժեշտության մասին, բայց այդ ուղղությամբ այդպես էլ որեւէ գործնական քայլ չեն ձեռնարկի: Ասենք, գարնան վերջին կլսենք, որ «Ժառանգությունը» գաղտնի բանակցություններ է սկսել ՀԱԿ-ի հետ, ամռանը կիմանանք «խորացած բանակցությունների» մասին, այն, որ «Ժառանգությունը» նաեւ միջնորդի դեր է ստանձնել ՀԱԿ-ին ու Դաշնակցությանը «բարիշացնելու» եւ իրենց եռամիասնությունը ամրապնդելու համար, սակայն նույն պահին էլ հայտնի կդառնա, որ բոլոր այդ միավորիչ-միջնորդական ջանքերը թափվել են ջուրը»:

«Երկիր»-ը գրում է. - «1991-1994թթ. պատերազմից հետո անցած շուրջ 1,5 տասնամյակի ընթացքում հայ դիվանագիտությունն իրականացրել է մի կողմից՝ ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացման, իսկ մյուս կողմից՝ դրա լուծումը ձգձգելու մարտավարություն, որը վերջին տարիներին սկսել է լուրջ ճեղքեր տալ։ Արդյունքում՝ արդեն 21-րդ դարի սկզբներին ակնհայտ է դարձել, որ Հայաստանի հաջորդական իշխանությունների ձախողված ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում, ռազմավարական հեռանկարի առումով, մեզ համար ստեղծվում է հիրավի աննախանձելի դրություն. Հայաստանը չի զարգանում, իսկ ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված, անավարտ պատերազմի պայմաններում գոյատեւող երկիր, մինչդեռ Ադրբեջանն իր ռեսուրսային տնտեսության շնորհիվ հարստանում է ու զինվում՝ պատրաստվելով Ղարաբաղը պատերազմի միջոցով ետ բերելու հարմար պահին։ Իրավիճակի հաղթահարման համար չի կարելի անվերջ հույսը դնել միայն արտաքին ուժերի բարենպաստ դասավորության վրա, որը դեռեւս պահպանվում է, բայց չի կարող հավերժ լինել»։

«Ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Հայաստանի գյուղատնտեսության նախարար ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը համառորեն հրաժարվում է կուսակցական կրծքանշան կրել, ինչն էլ ՕԵԿ-ում դժգոհության առիթ է դարձել։ Մեր թղթակիցը խորհրդարանում Կարապետյանից մեկնաբանություն է խնդրել այս առիթով։ «Լավ էլի... ես հիմա շտապում եմ», - պատասխանել է նախարարն ու ճողոպրել։ Ի դեպ, հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը ՕԵԿ շարքերն է անդամագրվել միայն նախարարի պաշտոն ստանալու օրը։ Նշենք, որ ՕԵԿ կրծքանշան չեն կրում նաեւ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւ արտակարգ իրվաիճակների նախարար Արմեն Երիցյանը»։

«168 ժամ»-ը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին հարցնում է. - «Մեր ժողովրդին չհաջողվեց փոփոխությունների իրականացնել։ Իշխանական լծակնե՞րն էին ուժեղ, թե՞ ժողովուրդը չպայքարեց մինչեւ վերջ։ Միգուցե Հայաստանում իրավիճակն այդքա՞ն վատթար չէր»։ Պատասխան. - «Երկուսն էլ կա, եւ իշխանություններն են ամեն գնով փորձում վախեցնել հասարակությանը, ահաբեկել։ Առանձին-առանձին կան դժգոհություններ, հավանաբար կա՛մ պետք է իրավիճակը բարելավվի, կամ այդ մարդիկ իրենց իրավունքների համար պետք է մինչեւր վերջ պայքարեն։ Մեկ-երկու պիկետով հարցեր չեն լուծվում, երկարատեւ պայքար է պետք։ Ոչ մի հասարակություն ազատությունը չի ձեռք բերել մեկ-երկու պիկետով։ Պետք է պայքարեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց իրավունքները չեն վերականգնվել։ Սոցիալական հարցերով այս բոլոր խմբերը պետք է նաեւ քաղաքական հարցեր առաջ քաշեն։ Ի վերջո, սոցիալական այս վիճակը տխմար քաղաքականության հետեւանք է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG