Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Տիգրան Փոստանջյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը


Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է իր եղբոր ձերբակալության դեմ
Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է իր եղբոր ձերբակալության դեմ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պապոյանը պետք է որոշում կայացնի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ:

Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության քննիչը:

Արաբկիրի թաղապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատող Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է փետրվարի 23-ին: Նրա` անազատության մեջ գտնվելու 72 ժամը լրանում է վաղը կեսօրին, եւ դատարանը պարտավոր է մինչ այդ կայացնել որոշում խափանման միջոց ընտրելու կապակցությամբ:

Համաձայն Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Տիգրան Փոստանջյանը, ով հանրային ծառայող է, կասկածվում է 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Նա նախօրեին հայտարարություն էր հասցեագրել միջազգային կառույցներին, որտեղ նշել էր, թե իր դեմ հարուցված քրեական գործը քրոջ` Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդման արդյունք է:

Մինչ դատարանն այսօր քննում էր կալանքի միջնորդությունը, դատարանի շենքի դիմաց հավաքված մեկ տասնյակից ավելի մարդիկ պահանջում էին կայացնել արդար որոշում:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ, որոնց վրա գրված էր` «Տիգրան Փոստանջյանը վրեժխնդրության զոհ է», «Չե'ք վախեցնի», «Մեղադրանքը շինծու է», «37 թիվը չի' կրկնվի»,«Մի' մեղանչեք արդարադատության դեմ»:

Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պահանջում էր զերծ մնալ գործեր սարքելու մեթոդներից:

«Դատավորին կոչ ենք անում իրականացնել արդարադատություն, ձեռնպահ մնալ գործեր հյուսելուց ԿԳԲ-ի մեթոդներով: Պատասխան եք տալու», - ասում էր Սաֆարյանը:

«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Այստեղ Տիգրան Փոստանջյանի խնդիր չկա, այստեղ կա Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» խնդիր, եւ բնականաբար, մեր պայքարը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ փորձելու են «Ժառանգությանը» կամ Զարուհի Փոստանջյանին խոչընդոտել: Իսկ թե որոնք կլինեն ուղիները, դա արդեն կքննարկենք կուսակցությունում եւ ըստ դրա համապատասխան որոշում կիրականացնենք»:

«Ժառանգության» պատգամավորները դժգոհում են, որ երկու օր է արդեն իրենց արգելված է այցելել Տիգրան Փոստանջյանին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով այս հանգամանքը` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. - «Նշանակում է, որ այստեղ ինչ-որ քաղաքական ենթատեքստեր կարելի է փնտրել եւ գտնել: Եվ մենք բնականաբար, եթե դա այդպես է, մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Փոստանջյանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG