Մատչելիության հղումներ

Ոստիկանները Սաբիրաբադի եւ Սաաթլիի շրջանների գյուղերի բնակիչներին արգելել են բողոքի ակցիա անցկացնել։

Փետրվարի 24-ին Ադրբեջանի Սաբիրաբադի եւ Սաաթլիի շրջանների մի քանի գյուղերի բնակիչներ փորձել են կազմակերպել բողոքի ակցիա, սակայն ոստիկաններն անմիջապես ժամանել եւ կասեցրել են այն։

Ուժայինները մահակներով հարվածներ են հասցրել տղամարդկանց։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա։ Բողոքող գյուղացիներից տասին տարել են Սաաթլիի շրջանի ոստիկանության վարչություն եւ որոշ ժամանակ անց նրանցից չորսին ազատ են արձակել, մնացած վեց ցուցարարների ազգականները հավաքվել են ոստիկանության շենքի մոտ։

«Քյուր» (Քուր գետի անունը կրող) քաղաքացիական հասարակության շտաբի համակարգող Օգտայ Գյուլալիեւը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին փոխանցել է, որ ոստիկանները հերքում են բաժանմունքում գյուղացիներին պահելու մասին լուրը։

Սա` սոցիալական բողոք է: Սաբիրաբադի եւ Սաաթլիի շրջաններում 9 ամիս առաջ հեղեղումներ են եղել։ Բողոքողներն ասում են, թե այս ընթացքում չեն ստացել պետության կողմից խոստացված օգնությունը։

Բացի այդ, նրանք դեմ են իրենց հին գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող նորակառույց գյուղ տեղափոխվելու պարտադրանքին, քանի որ, ըստ գյուղացիների, այդ բնակավայրը պիտանի չէ կյանքի համար։

Իրավապահները խստորեն կասեցրել են բողոքի ակցիան, որովհետեւ` ինչպես Սաաթլիի շրջանի ոստիկանության վարչության պետ Ագալի Խալիլովն է ասել, «բողոքավորները փորձել են շարժվել դեպի Արազի վրայով գցված կամուրջ, որը պետական նշանակության կառույց է եւ ոչ ոք չունի այն շրջափակելու իրավունք»։

Ցուցարարները պարզել են «Ո՜չ ահաբեկչությանը եւ կոռուպցիային» պաստառը, որի վերեւում նախագահ Իլհամ Ալիեւի նկաներն են ամրացրել, սակայն այդ հանգամանքը բնավ չի սասանել ցույցը ցրելու` ոստիկանների վճռականությունը։

Վերջին շրջանում ադրբեջանական բլոգներում հայտնվել են մեկնաբանություններ այն մասին, որ չնայած պետական ԶԼՄ-ների օպտիմիստական–հայրենասիրական հաղորդագրություններին` երկրի սոցիալական կացությունը իրականում վատթարանում է եւ տարբեր շրջաններում հնարավոր են բողոքի ակցիաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG