Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքով, փաստորեն, Հայաստանում արգելվում է չարտոնագրված սկավառակներով ֆիլմերի, երաժշտության, համակարգչային խաղերի ու ծրագրերի վաճառքը:

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է դրոշմապիտակներ` ակցիզներ ամրացնել շուկայում վաճառվող բոլոր սկավառակների վրա եւ այդպիսով Հայաստանում չարտոնագրված սկավառակների շրջանառությունը նվազագույնի հասցնել:

Սկավառակների բիզնեսով զբաղվող գործարարներն ասում են, որ օրենքն ընդունելուց իրենց շահերն ու կարծիքը հաշվի չեն առնվել, դրա ողջ բովանդակությունն էլ իրենց չի բացատրվել: Իրենք կարծում էին, որ պիտի պայմանագրեր կնքվեն միայն հայկական արտադրողների հետ եւ, հետեւաբար, դրոշմավորեն միայն նրանց արտադրանքը: Նրանք հավաստիացնում են, որ բոլոր խանութներում վաճառվող ֆիլմերի եւ երաժշտության 95 տոկոսից ավելին արտասահմանյան ստեղծագործություններն են, իսկ օրենքի կիրառումից հետո Հայաստանում դրանց վաճառքն իսպառ կվերանա: Խանութներն էլ կփակվեն:

«Մենք ուզում ենք խելամիտ օրենք լինի, որ երկրում առաջընթաց լինի, ոչ թե բիզնեսը մեռնի ու փակվի», - ասում է Disc World խանութի տնօրեն Կարեն Քյուբելյանը:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, արտասահմանյան երաժշտություն, կինոֆիլմ, մուլտֆիլմ կամ այլ արտադրանք վաճառելու համար հայաստանյան վաճառողները պետք է ունենան արտադրողների թույլտվությունը:

«Ես 3 մերժում ունեմ Մոսկվայից` մեծ գործարաններից: Ցավալի է, բայց մեր վիճակն է դա: Եկեք հասկանանք, որ մեր երկիրը շատ փոքր է, ու մենք այնքան վատ շուկա ենք ներկայացնում ամբողջ աշխարհի համար, որ մեզ հետ հրաժարվում են պայմանագիր կնքել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց HI-FI խանութների եւ ստուդիայի տնօրեն Արտաշես Բոստանջյանը` պարզաբանելով. - «Դուք պատկերացրեք, որ մեզանից ինչ-որ մեկը մտնի SONY կորպորացիա ու ասի` եկել եմ Հայաստանի համար գնեմ 100 հատ ինչ-որ խաղի դիսկ: Հավատացեք` մենք ծիծաղելի դրության մեջ կլինենք ուղղակի»:

Սկավառակի բիզնեսով զբաղվող գործարարները կոչ են անում օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, որպեսզի այն տարածվի միայն հայկական հեղինակների արտադրության վրա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG