Մատչելիության հղումներ

logo-print
Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ընդդիմության ակտիվիստների դեմ ոստիկանության գործողությունների շարքը վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից:

«Մեր բոլոր ակտիվիստներին տարբեր շրջաններում կանչել են ոստիկանություն` զրույցներ են անցկացնում: Զգացվում է, որ իշխանությունները լավ սարսափել են», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պնդեց, որ հինգշաբթի երեկոյան ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդները բերման են ենթարկվել ոչ թե թռուցիկ բաժանելու, այլ հասարակական կարգը խախտելու, մասնավորապես աղմկելու, տարածքը կեղտոտելու համար, եւ նրանց ձեռքից ոչ ոք թռուցիկ չի խլել:

«Ուղղակի սովոր ենք նրանք նման շոուներ պատրաստել, սուտ հերոս ձեւանալ», - ասաց Կարապետյանը

ՀԱԿ-ի համակարգողը կարծիք հայտնեց, որ իշխանությունները վախեցած են մի կողմից Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից, մյուս կողմից` արաբական երկրներում կատարվող հեղափոխություններից:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ընդդիմության` մարտի 1-ին հրավիրած հանրահավաքը «հանգրվանային» է:

«Սկսել ենք հանրահավաքային մի շարք, որի նպատակն է պարտադրել այս բռնապետությանը արտահերթ ընտրություններ եւ կատարել շարժման այլ պահանջները: Ես կարծում եմ, որ մարտը եւ ապրիլի սկիզբը լինելու են այս առումով իշխանությունների համար վերջին շանսը», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը:

Լեւոն Զուրաբյանը, սակայն, չկոնկրետացրեց, թե եթե իշխանությունները չընդառաջեն իրենց պահանջին, ինչ է անելու ընդդիմադիր շարժումը, միայն նշեց, որ քաղաքական տրամադրությունների աննախադեպ սրացում կա, ինչի պատճառը «բնակչության խոցելի շերտերի անթաքույց թալանն է»:

«Սա հատկապես կարեւոր է հեղափոխությունների այն շղթայի ֆոնին, որ ականատես ենք դառնում միջազգային ասպարեզում», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը, - «Մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, եւ վերջապես միջազգային հանրությունը ադեկվատ գնահատական է տալիս սեփական ժողովրդի դեմ բռնությունների կատարմանը: Ցավոք սրտի` նույն համերաշխությունը չեղավ 2008 թվականի մարտի 1-ին, աշխարհը այն ժամանակ այդ առումով քնած էր, գերադասեց աչք փակել փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, եւ ըստ էության մենք երեք տարի մեր շարժումը տարանք միջազգային մեկուսացման պայմաններում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG