Մատչելիության հղումներ

«Ժամանակ»-ը Քոչարյան ընտանիքին առաջարկում է հաշտություն կնքել


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ եւ զավակների հետ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ եւ զավակների հետ

«Ժամանակ» օրաթերթը ցանկանում է հաշտության համաձայնություն կնքել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ:

Ուրբաթ օրը դատական նիստի ժամանակ օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկեց Քոչարյանների ներկայացուցչին հերքման տեքստ պատրաստել` հաշտության գալու համար, եթե, իհարկե, Քոչարյանների պաշտպանական կողմի նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ:

Հերքումը նախապատրաստելու համար դատարանը օրաթերթին ժամանակ տվեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 14-ին:

«Ժամանակ» օրաթերթում անցած տարվա սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել թերթի դեմ, որով պնդում է, որ այդ հրապարակումները արատավորել են նախկին նախագահի որդու եւ կնոջ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը:

Թերթը գրել էր, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, նրան է պատկանում «911» դեղատների ցանցը, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը ոմն ձեռնարկատերից խլել է առեւտրային կազմակերպություն: Հրապարակումներից մեկի համաձայն էլ` Սեդրակ Քոչարյանը նաեւ ադամանդի հանք է տնօրինում Հնդկաստանում:

«Ժամանակ»-ը արդեն մեկ անգամ տպագրել է հերքում, որոնցում կրկին վերաշարադրել է հրապարակման բովանդակությունը: Այս հանգամանքը Քոչարյան ընտանիքը համարում է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս, եւ հենց դրա համար է դիմել դատարան` պահանջելով հերքում տպագրել, ինչպես նաեւ 6 միլիոն դրամ` իբրեւ վնասի փոխհատուցում:

«Ժամանակ»-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պատրաստ են հրապարակել հերքման ցանկացած տեքստ, եթե այն «ողջամիտ» լինի:

«Եթե դրանով չվիրավորվի երրորդ անձանց իրավունքները, իհարկե, պատրաստ ենք տպել», - ասաց Բաղդասարյանը:

«Ժամանակ»-ը կարծում է, որ Քոչարյանները հայցը դատավարական սխալներով են ներկայացրել, սահմանված ժամկետներն են խախտել, բայց եւ այնպես իրենք դա չեն շեշտադրում` ցանկանալով պարզել, թե հրապարակումներում հատկապես որ փաստերը չեն համապատսխանում իրականությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է խնդիրը, որ «Ժամանակ»-ը համաձայնության գալու առաջարկ է անում, եթե առկա են այդ դատավարական սխալները, Բաղդասարյանը պատասխանեց. - «Եթե դուք դիմեիք իմ դեմ, օրինակ, ասեիք, Նիկոլայ Բաղդասարյանը զրպարտում է կամ վիրավորում է, բողոքարկման ժամկետները բաց թողնեիք, բնական է, որպես մարդ, որպես իրավաբան առաջինը չէի գնա ժամկետների վիճարկման: Կուզենայի իմանալ, թե ինչի մեջ եք ինձ մեղադրում: Եթե ասում են, որ վիրավորանք չի եղել, զրպարտանք չի եղել, մեր կողմը նույնն է կարծում, եւ մենք ասում ենք` գոնե ասեք, թե ինչ խնդիր կա, որ հասկանանք»:

Նախկին նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Քոչարյանները քննարկում են հաշտություն կնքելու մասին «Ժամանակ»-ի առաջարկը: Որոշումը դեռ կայացված չէ:

Դատարանը մեկ անգամ մասամբ բավարարել է Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` պարտավորեցնել օրաթերթին վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

Զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո ֆինանսական փոխհատուցման պահանջներ են ներկայացվել ընդդիմադիր երկու թերթերի: Մի շարք լրագրողների եւ փորձագետների գնահատմամբ` ֆինանսական փոխհատուցման պահանջները յուրօրինակ մահակ են դարձալ լրատվամիջոցների գլխին:

Օրինակ, մի քանի օր առաջ դատարանը մասամբ բավարարեց Ազգային ժողովի 3 գործարար պատգամավորների կողմից իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ` պարտավորեցնելով նրանցից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ: Օրաթերթը պատրաստվում է վիճարկել դատարանի վճիռը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG