Մատչելիության հղումներ

logo-print
Ուրբաթ օրը կարճատեւ` ընդամենը 6-ժամանոց այցով Անկարա կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Սա Ֆրանսիայի թիվ մեկ պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին 20 տարիների մեջ։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահներից Ֆրանսուա Միտերանն է Թուրքիա մեկնել` 1992 թվականին, ապա երկու երկրների հարաբերությունները շարունակաբար լարվել են, հատկապես Եվրամիությանը անդամակցելու` Թուրքիայի նկրտումների պատճառով։

Սարկոզիի վարչակազմը հրապարակայնորեն դեմ է արտահայտվում ավելի քան 70 միլիոնանոց մահմեդական երկրի անդամակցությանը Եվրամիությանը։ Ընդ որում, պաշտոնական Փարիզն ակնարկում է, որ այդ դիրքորոշումը չի փոխվելու նաեւ Սարկոզիի այցից հետո. վերջինս Անկարա է մեկնում ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ որպես Մեծ քսանյակում ներկայումս նախագահող երկրի ղեկավար` կառույցի առաջիկա գագաթնաժողովի օրակարգը քննարկելու համար, հայտարարում են Ելիսեյան պալատի ներկայացուցիչները:

Պաշտոնական Անկարան չի թաքցնում, որ հիասթափված է: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, թե թուրք դիվանագետները լուրջ աշխատանք են տարել Սարկոզիի այցի նախապատրաստման ժամանակ եւ փորձել են երկարաձգել նրա հյուրընկալության ժամկետները, սակայն հաջողության չեն հասել։

«Այս կարճատեւ այցը չի արտացոլում Ֆրանսիայի եւ Թուրքայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների մակարդակը», - նախօրեին «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ընդգծելով, թե Անկարան արժանի է առավել լավ վերաբերմունքի։

«Ուզում եմ անկեղծ լինել` մենք կուզենայինք հյուրընկալել Նիկոլա Սարկոզիին որպես Ֆրանսիայի նախագահ, սակայն ուրբաթ նա ժամանում է որպես Մեծ քսանյակում ներկայումս նախագահող երկրի ղեկավար։ Կարծում եմ` Թուրքիան, ինչպես նաեւ թուրք - ֆրանսիական հարաբերությունները ավելիին են արժանի», - ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ Սարկոզին նախագահության 4 տարիների ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ ժամանակ չի գտել Թուրքիա այցելելու համար, այն դեպքում, երբ Ֆրանսիայում եղել է թե' ինքը, թե' նախագահ Աբդուլա Գյուլը։

Այդուամենայնիվ, որքան էլ պաշտոնական Փարիզը փորձում է նվազեցնել այցի կարեւորությունը, փորձագետները փաստում են, որ այն արտառոց եւ նշանակալից է երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ներկայումս ստեղծված իրադրության համար։

«Հաշվի առնելով մահմեդական աշխարհում Թուրքիայի աճող ազդեցությունը` Փարիզը ուզում է լսել` ինչ գնահատական է տալիս այդ երկրի ղեկավարությունը արաբական աշխարհւմ ներկայումս ծավալվող իրադարձություններին», - ըստ DPA գործակալության, ասել են ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG