Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչը Հայաստանում քննարկել է Ղարաբաղի հարցը


Հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսին այսօր Երեւանում ընդունել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Քոչարյանը Չեկուոլիսին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլի մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաեւ ընդգծել է Ղարաբաղի մոտեցումներին անմիջական շփումներով տեղեկանալու կարեւորությունը:

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման եւ այդ ուղղությամբ առկա մեխանիզմների ամրապնդման եւ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցչին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը: Երկուստեք կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանումը եւ շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG