Մատչելիության հղումներ

Սթայնբերգը Բաքվում խոսել է Ղարաբաղի խնդիրը խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ջեյմս Սթայնբերգը եւ Ֆիլիպ Գորդոնը Երեւանում, 23-ը փետրվարի, 2011
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ջեյմս Սթայնբերգը եւ Ֆիլիպ Գորդոնը Երեւանում, 23-ը փետրվարի, 2011
Հինգշաբթի օրը Ադրբեջան են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը եւ Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ժամանելով Ադրբեջան` Սթայնբերգը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ կապերին եւ ցանկանում է զարգացնել դրանք։

«Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական ուժեղ գործընկերություն կա, եւ մենք ցանկանում ենք ընդլայնել եւ խորացնել այն»,- ըստ «Թրենդ» գործակալության` ասել է Սթայնբերգը։

Սթայնբերգը հայտնել է, որ այսօր հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այնուհետեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նա խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին։ Ընդգծելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ը սերտորեն մասնակցում է Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններին, Սթայնբերգը ասել է, թե «շատ կարեւոր է պահպանել գործընթացը դիվանագիտական ճանապարհի վրա»:

«Մենք կարծում ենք` շատ կարեւոր հնարավորություն է ուժեղացնելու քաղաքացիական հասարակության ներգրավածությունը այս հարցում` շարունակելու հանդուրժող հասարակություն կառուցելու ջանքերը, ինչը քաղաքացիական բոլոր ուժերին համագործակցության հնարավորություն է տալիս», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը։

Ըստ «Թրենդ»-ի` նա նաեւ ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշակի առաջընթացի հույս ունեն եւ գտնում են, որ այդ հարցում առաջ շարժվելը համապատասխանում է երկու կողմերի շահերին։

Նա հայտնել է, որ Երեւանում իրենք ծանոթացել են Հայաստանի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում եւ հիմա կծանոթանան Ադրբեջանի նախագահի դիրքորոշմանը։

«Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերը ջանքեր գործադրեն որեւէ ընդհանուր հայտարարի հանգելու համար»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ասել է Սթայնբերգը։

Բարձրաստիճան դիվանագետների ժամանելուց մի քանի ժամ առաջ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան լրագրողներին ասել է, որ փոխպետքարտուղարը քննարկումներ է ունենալու մի շարք հարցերի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ու տնտեսական բարեփոխումները շարունակելու հետ կապված հարցերի շուրջ։

Բրայզան ընդգծել է, որ «յուրաքանչյուրը գիտի, որ Ադրբեջանում եւ տարածաշրջանում ավելի կարեւոր խնդիր չկա, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»։

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարները Բաքու են այցելել Թբիլիսից։

Թբիլիսիում նրանք հանդիպել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ։ Հանդիպումը երկու ժամ է տեւել, մանրամասները հայտնի չեն։ Հանդիպումներ են կայացել նաեւ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ փոխարտգործնախարարի հետ։ Ջեյմս Սթայնբերգն ու Ֆիլիպ Գորդոնը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպել են նաեւ Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այս հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ լրատվամիջոցների ազատություններին առնչվող հարցեր։

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարների հարավկովկասյան տարածաշրջանային այցն ավարտվելու է Ադրբեջանում։ Փետրվարի 25-ին նրանք Բաքվից մեկնելու են Բոսնիա եւ Հերցեգովինա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG