Մատչելիության հղումներ

Չնայած միջազգային հանրության կոչերին ու հորդորներին` արյունալի մարտերը Լիբիայում չեն դադարում։

Արեւմտյան լրատվամիջոցների` մասնավորապես, BBC-ի հաղորդմամբ, ընդդիմությունը հետզհետե ամրապնդում է դիրքերը` վերահսկողության տակ առնելով նոր քաղաքներ, հիմնականում` երկրի արեւելյան շրջաններում։

Քադաֆիի ազդեցության տակ է մնում մայրաքաղաք Տրիպոլին եւ երկրի արեւմուտքը: Այդուամենայնիվ, հաղորդումների համաձայն, ընդդիմադիր շրջաններում հարյուրավոր մարդիկ այժմ հերթի են կանգնում` զենք ստանալու եւ իշխանական զորքերից մայրաքաղաքը ազատագրելու համար։

Զոհերի ու վիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռեւս չկան: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, սակայն, սպանվել է մի քանի հարյուրից մինչեւ 1000 մարդ։

Արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող մարտերին հինգշաբթի օրը անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` ներկայացնելով պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ։

«Լիբիայում շարունակվող արյունահեղությունն ու տառապանքը, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարներին սպանելու վերաբերյալ սպառնալիքներն ու հրահանգները անընդունելի են եւ աղաղակող։ Այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու պատշաճության բոլոր ընդունված չափանիշները, բռնություններին պետք է վերջ տրվի», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։

Հատկանշական է, որ խստորեն քննադատելով Լիբիայի իշխանությունների գործողությունները` Օբաման, միաժամանակ, որեւէ անգամ չի հիշատակել ավելի քան 40 տարի իշխանավարող Մուամար Քադաֆիի անունը, փոխարենը ընդգծել է, որ վարչակազմը պետք է պատասխան տա ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների համար եւ «համապատասխան գին վճարի` մարդու իրավունքները շարունակաբար ոտնահարելու դիմաց»։

«Ինչպես եւ աշխարհի ցանկացած այլ երկրի կառավարություն, Լիբիայում եւս վարչակազմը պարտավոր է զերծ մնալ բռնություններից, թույլ տալ, որ մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին, եւ հարգի սեփական ժողովրդի իրավունքները», - հայտարարել է Բարաք Օբաման։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները խորհրդակցություններ է սկսել դաշնակից երկրների հետ` որոշելու, թե ինչ արձագանք կարող են տալ պաշտոնական Վաշինգտոնն ու միջազգային հանրությունը ստեղծված իրավիճակին։ Առանց որոշակիացնելու, թե ինչ միջոցառումներ կարող են ձեռնարկվել Լիբիայի գործող իշխանությունների դեմ, Օբաման ընդգծել է, որ այս հարցում միջազգային համայնքը պետք է միասնական լինի։

Մյուս կողմից` Լիբիայում անցումը ժողովրդավարության պետք է լինի խաղաղ, ինչպես եղավ Թունիսում կամ Եգիպտոսում, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG