Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը չի հավատում Դաշնակցության «գեղեցիկ հնչող գաղափարներին»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Պատմությունը ցույց է տվել, որ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները միշտ կանգնած են եղել ընտրակեղծարարների կողքին եւ քաղաքական աջակցություն են ցույց տվել կեղծիքներով արձանագրված արդյունքներին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Արձագանքելով Դաշնակցության կողմից անցած շաբաթ մեկնարկած ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման գաղափարին` Զուրաբյանը ասաց. - «Դաշնակցության ներկայացուցիչները միշտ կանգնած են եղել կեղծիքներ կատարողների կողքին եւ ակտիվորեն մասնակցել են եւ ընդունել են այդ արդյունքները: Բոլորը դա գիտեն: Այսինքն` վերցրեք պրոտոկոլները [ընտրական հանձնաժողովների արձանագրությունները] ուղղակի. բոլոր կեղծված պրոտոկոլները ստորագրված են նաեւ Դաշնակցության ներկայացուցիչների կողմից»:

«Եկեք չհավատանք գեղեցիկ հնչող գաղափարներին, բայց որոնք իրականում դատարկ են», - ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Զուրաբյանի կարծիքով` Դաշնակցությունը, նման շարժում ստեղծելով, «միգուցե նպատակ ունի արդարացնելու իր կատարած հանցակցությունները» [ընտրակեղծիքներին]:

Հակադարձելով Դաշնակցության հասցեին հնչած այս մեղադրանքներին` Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ հենց ՀՀՇ-ն [Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող` 1990-98 թվականներին իշխող կուսակցություն Հայոց համազգային շարժումը] այդպիսի հայտարարություն անելու իրավունք չունի:

«Որովհետեւ իրենք են հիմքը դրել երկրում ընտրակեղծիքների: Ընտրությունները որ սկսեցին կեղծվել համակարգված ձեւով, ղեկավարված,
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան
կառավարվող ձեւով` դա տեղի ունեցավ հենց իրենց իշխանության ժամանակ: Եվ հիմա իրենք իրենց իսկ արածից են դժգոհում», - ասաց Ռուստամյանը:

«Դաշնակցությունը, նախ, միշտ էլ ընտրակեղծիքների մասին խոսել է, եւ անգամ հենց այն ժամանակ, երբ, իրենց կարծիքով, մենք իշխանության մաս ենք եղել, մենք միշտ ընտրություններից հետո հայտարարել ենք եղած ընտրակեղծիքների մասին, եւ եղել են նաեւ ընտրություններ, որոնց վերջնական արձանագրությունները մենք չենք ստորագրել», - նշեց դաշնակցական գործիչը եւ հավելեց. - «Այդ էլ երեւի հիշողության կորուստ է, որ այդ ամենի մասին չեն ուզում հիշել: Իշխանության վերարտադրման համակարգը, հիմք դրվելով հենց իրենց իշխանության ժամանակ, հիմա շատ մեծ արմատներ է գցել, եւ դրա դեմն առնելու համար անհրաժեշտ է ստեղծել պայքարի միասնական ճակատ»:

Դաշնակցության կողմից ստեղծված ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման նպատակը ընտրողներին բացատրելն է, որ ձայները վաճառելով, ընտրություններին չմասնակցելով եւ ընտրակեղծիքներին դեմ չպայքարելով, նպաստում են իշխանությունների վերարտադրությանը: Դաշնակցությունը ճիշտ է համարում, որպեսզի ընդդիմադիր ուժերն էլ համախմբվեն այս գաղափարի շուրջ, ինչը թույլ կտա կանխել իշխանության վերարտադրությունը: Մինչդեռ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, իրենց համար ընդունելի չէ այն մոտեցումը, թե ընտրակեղծիքների մեղավորը «իր գիտակցությունը կորցրած ժողովուրդն է»:

«Պրոբլեմային չէ, որ ժողովուրդը չգիտի իր իրավունքների մասին, պրոբլեմային է, որ իշխանությունները ամեն քայլափոխին խախտում են օրենքը եւ պետք չէ ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը դնել իբր թե իր իրավունքները չգիտակցող ժողովրդի վրա: Ժողովուրդը իր իրավունքերը շատ լավ գիտակցում է, շատ լավ էլ պայքարել է, բայց բախվել է բռնությունների, հանցագործությունների հետ: Եթե որեւէ ծրագիր ուղղված լիներ հենց այդ հանցագործությունների բացահայտմանը եւ կանխմանը, դա կլիներ լրիվ ուրիշ խոսակցություն», - ասաց Զուրաբյանը:

Նա, որպես ընդդիմադիր ուժերի համագործակցության օրինակ, առաջարկեց վերջիններիս միանալ ՀԱԿ-ի մարտի 1-ին ծրագրած հանրահավաքին:

«Մարտի 1-ը հանցագործություն էր իշխանության կողմից ժողովրդի դեմ: Առաջին անգամ նորանկախ պատմության մեջ ժողովրդի վրա կրակեցին: Դա մի խայտառակություն է, որը բոլորի ցավը պետք է լինի, այլ` ոչ միայն ՀԱԿ-ի: Ուրեմն, թող բոլոր կուսակցությունները, որոնք դեմ են նման գործելաոճին, որոնք դատապարտում են մարտի 1-ը` որպես հանցագործություն, թող գան մասնակցեն, իրենց համակիրներին էլ կոչ անեն մասնակցելու միտինգին, որ իշխանությունները տեսնեն, որ ամբողջ ազգը դատապարտում է մարտի 1-ի իրենց հանցավոր գործելաոճը», - ասաց Զուրաբյանը:

Հակադարձելով ՀԱԿ-ի այս առաջարկին` Ռուստամյանն ասաց, որ Դաշնակցությունը չի պատրաստվում ենթարկվել ուլտիմատումների: Նրա փոխանցմամբ` եթե ընտրական իրավունքի պաշտպանության այս պարզ գաղափարն անգամ չի միավորելու ընդդիմությանը, ապա սա ցույց է տալիս, որ ՀԱԿ-ն անում է այն, ինչ իշխանություններն են ուզում` ապահովելով իշխանությունների երկարակեցությունը:

Իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար-անդամ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն անցյալի բաժանարար հարցերը եւ ճշգրիտ գիտակցեն, թե ինչ հայտարարություն են արել իշխանությունները կոալիցիոն նոր հուշագրով: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր գործընկերություն, որի նպատակը պետք է լինի թույլ չտալ իշխանություններին իրականացնել կոալիցիոն հուշագրում ամրագրված նպատակները, այսինքն իշխանության վերարտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG