Մատչելիության հղումներ

Փետրվարի 24-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ: Նա անդրադառնում է ընդդիմության հնարավոր համագործակցությանը եւ ասում. - «Ե՛ս կարծում եմ` ե՛ւ հնարավոր է, ե՛ւ անհրաժեշտ համագործակցության ուրիշ մոդել գտնել ընդդիմադիր դաշտի համար։ Որ միավորման այդ մոդելը պետք է` կասկած չունեմ, բայց դա չպիտի լինի մեկ լիդերի շուրջ, ինչպես կոալիցիան արեց։ Մենք նույն սխալը չպետք է թույլ տանք` պետք է միավորվենք գաղափարի շուրջ, մաքուր ընտրությունների շուրջ եւ այլն։ Եթե դա ստացվեց, վստահ եմ, հաջողությունը չի ուշանա։ Բայց վախենամ՝ պառակտողները լինելու են հենց նրանք, ովքեր նախորդ ընտրություններում գոռում էին` «ով մեզ հետ չէ, տականք է»։ Հիմա նույնն են սկսելու անել, եւ խանգարելու են ընդդիմադիր դաշտի բյուրեղացմանը, համագործակցությանը, համախմբմանը»:

«Կապիտալ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Համարժե՞ք են արդյոք ՀԱԿ-ի գործողություններն աշխարհում, մասնավորապես արաբական աշխարհում, տեղի ունեցած գործողությունների հետեւանքով ձեւավորված տրամադրություններին»։ Զուրբայանը պատասխանում է. - «Նախ՝ ուզում եմ ասել, որ երբ մենք սկսեցինք մեր շարժումը, արաբական աշխարհում անդորր էր տիրում։ Պետք է ասել նաեւ, որ մենք մեր պայքարը վարում էինք կատարյալ միջազգային մեկուսացման պայմաններում։ Հիմա պայքարը հասցրել ենք մի հանգրվանի, որտեղ արդեն գործ ունենք միջազգային փոփոխված համատեքստի հետ։ Իհարկե, արաբական աշխարհում տեղի ունեցող գործողությունների եւ տրամադրությունների ալիքն ազդում է եւ՛ միջազգային հանրության, եւ՛ հասարակության վրա՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ Կոնգրեսի վարած համաժողովրդական պայքարի համար»։ Հարց. - «Համարժե՞ք են արդյոք ՀԱԿ-ի գործողությունները Հայաստանի սոցիալական խնդիրներին»։ Պատասխան. - «Կարծում եմ, որ մեր պայքարը բավական համահունչ է այդ խնդիրներին, որի ապացույցն է փետրվարի 18-ի հանրահավաքը, որը եղել է ամենամեծը 2008թ. մարտի 1-ից հետո։ Սա նշանակում է, որ մենք սկզբունքորեն ճիշտ ռազմավարությամբ ենք առաջ ընթանում։ Մարտի 1-ից հետո մենք կարողացանք լավ նախադրյալներ ստեղծել՝ գործն ավարտին հասցնելու համար։ Սակայն մենք ամեն դեպքում պետք է հասկանանք, որ ամեն շարժում ունի իր յուրահատկությունը. ո՛չ Թունիսը, ո՛չ Եգիպտոսը, ո՛չ Լիբիան, ո՛չ Եմենը չունեն ղարաբաղյան հակամարտության նման խնդիր»։ Առհասարակ արյունահեղությունը վատ է, և մենք ամեն բան անում ենք, որ խուսափենք դրանից։ Բոլորի համար էլ պարզ է, որ եթե երկրի ներսում քաոս լինի, դա կդառնա աղետալի Հայաստանի և Ղարաբաղի համար, քանի որ հաջորդ պահին Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ։ Ուստի, մեր խնդիրն ավելի բարդ է, և մենք ավելի զգույշ պետք է լինենք։ ՀԱԿ-ը կարծում է, որ հարցի լուծումը հանրահավաքների մարդաշատությունն է։ ՀԱԿ-ի համար քաոսի այլընտրանքը հանրահավաքների մարդաշատությունն է»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «168 ժամ»-ի հարցին, թե ի՞նչ տվեց կոալիցիոն հայտարարությունը Հանրապետական կուսակցությանը կամ նախագահ Սերժ Սարգսյանին, ասում է. - «Մենք հայտարարեցինք այն մասին, որ գնում ենք միասնական ընտրությունների եւ ունենք միասնական թեկնածու` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Մինչ այդ դա հայտարարված չէր, միայն «Օրինաց Երկիր» կուսակցությունն էր հայտարարել, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Ի վերջո, բոլորս միասին եկանք այն եզրահանգմանը, որ այսօր պետք է հայտարարավեր այդ մասին, թե՛ արտաքին եւ ներքին հարաբերություններում կա միասնական գաղափար, եւ նախագահն իր թիկունքին պետք է զգա կոալիցիայից միասնական ուժեը: Կարող եմ նաեւ մեծ բանաստեղծի խոսքերով ասել` «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնականության մեջ է»: Այդ առումով տուրք եմ տալիս ԲՀԿ-ի խելամտությանը, որ ի վերջո գտավ, որ ճիշտ է այսօր հայտարարել միասնական թեկնածուի մասին, որպեսզի մենք հետագայում արտաքին սպառնալիքի դեպքում խնդիրներ չունենանք: Գիտեք, որ առաջին արտաքին սպառնալիքը ադրբեջանական պատերազմն է, նրանք ազատագրված տարածքների խնդիրը չլուծված են համարում եւ ուզում են ետ գրավել ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղը»:

«Ժամանակ»-ի թղթակիցը ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանին հարցնում է. - «Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնախմբի համակարգողն էիք. այդքան փաստերի առկայության պայմաններում, այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ միջազգային հանրությունը արժանի կերպով չարձագանքեց եւ հետեւողական չեղավ կատարվածի բացահայտման հարցում»: Պատասխան. - «Դա պայմանավորված էր խոցելի իշխանություն ունենալու հանգամանքով ընդամենը: Ավելին ասեմ` իմանալով եվրոպական կառույցների հնարավորությունները Հայաստանում եւ հատկապես ԱՄՆ դեսպանատան հնարավորությունները Հայաստանում` փաստ է, որ նրանց համար ոչ մի գաղտնիք չկար, նրանք երեւի ավելի շատ տեղեկատվության էին տիրապետում, քան մենք: Բայց նրանց պետք է խոցելի, արտաքին ուժերից վախեցող, սեփական ժողովրդից վախեցող իշխանություն, որի հետ կարող են ինչպես ուզեն` վարվել, եւ այդ նպատակին հասան: Ես չգիտեմ դա ինչպես է կոչվում` երեսպաշտությո՞ւն, երկակի քաղաքականությո՞ւն, թե՞ ինչ… Պատկերացնո՞ւմ եք` Բելառուսի իշխանությունների նկատմամբ նման սանկցիաներ կիրառվեցին այն դեպքում, երբ Բելառուսի իշխանությունները մեր ընտրությունների համեմատությամբ ընդամենը պիոներական ճամբար էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG