Մատչելիության հղումներ

«Մարիաննա» եւ «Բիոկաթ» ապրանքանիշերի կաթնամթերքը` կարագը, կաթնաշոռը, թթվասերը, մածունը այսօրվանից թանկացել է 7-10 տոկոսով:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» եւ «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից, իրենք գնացել են այդ քայլին, քանի որ թանկացել է նաեւ մթերվող կաթը:

«Աշտարակ-կաթ» փակ բաժնետիրական ընկերության տարածած մամլո հաղորդագրության համաձայն, ընկերությունն առայժմ իր արտադրած կաթնամթերքի գները չի բարձրացրել: Այդուհանդերձ, ընկերության տարածած մամլո հաղորդագրության համաձայն` «հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն»:

Երեւանյան մի շարք խանութներ «Ազատություն» ռադիոկայանի այցի պահին «Մարիաննա» եւ «Բիոկաթ» ընկերությունների 100 գրամանոց տուփով թթվասերը, որը նախկինում 100 դրամ արժեր, այժմ վաճառվում է 120 դրամով: Այսինքն` թանկացումը կազմել է ուղիղ 20 տոկոս: 500 գրամանոց տուփով «Մարիաննայի» մածունը, որը նախկինում 230 դրամ էր, այժմ` 260 դրամ է (թանկացումը կազմել է ավելի քան 13%), իսկ «Բիոկաթի» նույն քաշով մածունը` 260 դրամից դարձել է 290 դրամ (այս դեպքում ապրանքը թակնացել է 11.5 տոկոս):

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են կաթնամթերք արտադրող ընկերությունները գրեթե միաժամանակ թանկացրել արտադրանքը եւ արդյոք չկա՞ հակամրցակցային պայմանավորվածություն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանժողովից պատասխանեցին, որ հանձնաժողովն իր պարբերական մոնիթորինգի ընթացքում արդեն ֆիքսել է կաթնամթերքի գների որոշակի բարձրացում, հարցը գտնվում է ուսումնասիրման փուլում եւ եթե չարաշահումներ հայտնաբերվեն, օրինախախտների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG