Մատչելիության հղումներ

CPJ-ն անդրադարձել է լրագրողների դեմ հարձակումներին Լիբիայում, Եմենում եւ Իրաքում


Հակակառավարական ցույց Եմենի մայրաքաղաք Սանաայում, 3 փետրվարի, 2011
Հակակառավարական ցույց Եմենի մայրաքաղաք Սանաայում, 3 փետրվարի, 2011
Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերջին զեկույցը անդրադառնում է մամուլի եւ լրագրողների դեմ հարձակումներին այն երկրներում, որտեղ վերջին շրջանում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, բռնություններն ու անկարգությունները։

Զեկույցում նշվում է , որ Լիբիայում անհետացել է լրագրող Աթիֆ ալ-Աթրաշին։ Լիբիացի լրագրողը անհետացել է այն բանից հետո, երբ Բենղազիի ցույցերի մասին ուղիղ հաղորդում էր տալիս Al-Jazeera հեռուստաընկերությանը։ Ալ-Աթրաշին համագործակցում էր լիբիական մի քանի կայքերի, տեղական լրատվամիջոցների հետ։ Նա հաճախ քննադատում էր Լիբիայի կառավարությանը իր հրապարակումներում։

«Լիբիայի իշխանությունները եւ նրանց աջակիցները պետք է իմանան, որ լրագրողների դեմ բռնությունները անհանդուրժելի են»,- ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ռոբերտ Մահոնին` մտահոգություն հայտնելով բոլոր լրագրողների, հատկապես` Աթիվ ալ-Աթրաշիի անվտանգության համար։

Զեկույցում նշվում է, որ անցած շաբաթ օրվանից Լիբիայում ինտերնետ կապ չկա։ Երկուշաբթի օրվանից անջատվել է բջջային կապը։ Փետրվարի 2-ից Al-Jazeera արաբական հեռուստաընկերության ազդանշանը չի ընդունվում, հաղորդումները չեն հեռարձակվում։ Արտասահմանցի լրագրողներին չի թույլատրվում Լիբիա մտնել։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում նշվում է, որ լրագրողները շարունակվում են բռնությունների ենթարկվել նաեւ Եմենում ու Իրաքում։

Եմենի մայրաքաղաք Սանաայում հարձակման է ենթարկվել լրագրող Աբդել Քարիմ Սալամը։ Նա շվեյցարական Swiss Info ինտերնետային պարբերականի լրագրող է, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռնում։ Կիրակի օրը, երբ նա լուսաբանում էր Սանայի համալսարանի դիմաց անցկացվող հակակառավարական ցույցը, նրա վրա հարձակվել են կառավարության կողմնակիցները եւ ծեծի ենթարկել, որի արդյունքում լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց։

Եմենում շաբաթ օրը Անվտանգության ծառայությունը բռնագրավել է Al-Yaqin անկախ շաբաթաթերթի տպաքանակը։ Թերթը հրապարակել էր Եմենում անկարգությունների ժամանակ բոլոր վիրավորվածների ու սպանվածների անունները։

Իրաքում կիրակի օրը 50 զինված մարդիկ հարձակվել են Սուլեյմանիա քաղաքում նոր բացված, անկախ Nalia հեռուստաընկերության վրա։ Մամուլի ազատության հարցերով տեղական կազմակերպությունը հաղորդել է, որ լրատվամիջոցը փետրվարի 17-ից նոր էր սկսել իր հեռարձակումները ու հենց այդ ժամանակ անկարգություններ են սկսվել քաղաքում։ Հեռուստաընկերության վրա հարձակվել են, կրակահերթերով ու հրդեհելով ոչնչացվել են սարքավորումները։ Իրանական Press TV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հարձակման արդյունքում վիրավորվել են հեռուստաընկերության երկու պահապանները եւ դռնապանը։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաղորդում է, որ փետրվարի 17-ին քրդական Hawlati անկախ թերթի աշխատակազմը ստիպված էր լքել խմբագրությունը, երբ սպառնալիքներ է ստացել Քրդստանի դեմոկրատական կուսակցության պահակախմբից։ Թերթի տնօրեն Թարիք Ֆաթահի փոխանցմամբ` խմբագրությունը փակվել է, երբ սկսվել են ցույցերը։

«Քրդստանի դեմոկրատական կուսակցության պահակախումբը խմբագրության դռան մոտ բացականչում էր, թե մենք դավաճաններ ենք ու պաշտպանում ենք ցուցարարներին», - ասել է Թարիք Ֆաթահը Լրագրողների պաշտպանության կոմիտեին։
XS
SM
MD
LG