Մատչելիության հղումներ

Բժշկուհիները ձերբակալվել են կաշառք վերցնելու կասկածանքով


Ոստիկանության Լոռու մարզային բաժնում քրեական գործ է հարուցվել, կաշառք վերցնելու մեջ կասկածվող երկու բժշկուհիներ` Գայանե Գասպարյանն ու Ֆիլոմենա Մոսոյանը, երեկ երեկոյան ձերբակալվել են:

Ոստիկանության ավագ քննիչ Նարեկ Օսյանն Ազատություն ռադիոկայանին հայտնեց, որ դեպքի մասին իրավապահներին հայտնել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Ասոյանը:

Կինը իրավապահներին տեղեկացրել է, թե հաշմանդամության կարգ սահմանող բժշկական հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանն իրենից 35.000 դրամ կաշառք է պահանջել, որպեսզի Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանին խնդրի բժշկական կեղծ տեղեկանք տրամադրել: Կեղծ տեղեկանքի դիմաց, համաձայն ոստիկանության, նյարդաբանն իր աշխատասենյակում փետրվարի 11-ին հիվանդից ստացել է 20.000 դրամ: 35.000 դրամն էլ Ջրաշենի բնակիչը Մոսոյանին է հանձնել «Սպիտակի բժշկական կենտրոն» ընկերության պոլիկլինիկայում հենց երեկ՝ փետրվարի 22-ին: Այնուհետեւ կինը գնացել է ոստիկանություն ու պատմել կատարվածը: Դրանից հետո ոստիկանները ձերբակալել են բժշկուհիներին: Նրանք գտնվում են Ոստիկանության Վանաձորի բաժնի մեկուսարանում:

Ո՞րն է պատճառը, որ Ջրաշենի բնակիչը, ըստ ոստիկանության, իրեն անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման համար կաշառք տալուց հետո կամովին դիմել է իրավապահներին: Ավագ քննիչ Օսյանն ասում է, թե Ջրաշենի բնակիչը ծանր սոցիալական վիճակում է ապրում ու դժվարությամբ է հայթայթել պահանջվող գումարը:

Ձերբակալված բժշկուհիների փաստաբանները հայտարարում են, թե իրենց պաշտպանյալները հերքում են կաշառք ստանալու մեղադրանքները:

Ֆիլոմենա Մոսոյանի փաստաբան Էդմոն Մարուքյանն Ազատություն ռադիոկայանին ասաց, թե իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը՝ նկատի ունենալով այն, որ բժիշկները պաշտոնատար անձ չեն, հետեւաբար եւ չեն կարող կաշառք ստանալ:

Մարուքյանը քրեական այս գործը համարում է ոստիկանության հերթական ակցիան՝ ցույց տալու հասարակությանը, թե պայքարում են կոռուպցիայի դեմ:

Իր մեղքը չի ընդունում նաեւ մյուս բժշկուհին՝ նյարդաբան Գայանե Գասպարյանը:

Եթե հաստատվի բժշկուհիների մեղքը, նրանց չորսից տասը տարվա ազատազրկում է սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG