Մատչելիության հղումներ

«Եվրանեսթ»-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ կլինի բարեփոխումների իրականացման դեպքում»


«Եվրանեսթ»-ի լոգոն

«Եվրանեսթ»-ի լոգոն

«Եվրանեսթ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով‚ այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը անիմաստ կլինի‚ եթե Հայաստանի իշխանությունները «խեղդեն բարեփոխումների ընթացքը»:

«Եթե մենք իսկապես գնում ենք այդ բարեփոխումների ճանապարհով, ուրեմն «Եվրանեսթ»-ը մեզ համար իսկական ճիշտ տեղն է, բայց եթե իմիտացիոն քաղաքականություն է վարվելու, եթե նորից բարեփոխումները խեղդվելու են խոսքերի տակ, եւ իրականում ոչինչ տեղի չի ունենա մեր երկրում, ինչպես որ մենք վերջին տարիներին հաճախ նկատել ենք‚ «Եվրանեսթ»-ը դառնալու է մեր գլխին պատուհաս‚ եւ ես սա նախազգուշացնում եմ»‚ - ասաց Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով` ղեկավարությանը ներկայացվել է բարեփոխումները դանդաղելու կամ այդ ուղուց շեղվելու դեպքում գոյություն ունեցող վտանգները: Ղեկավարությունը չի առարկել, նրանք համաձայն են, որ բարեփոխումները Հայաստանին անհրաժեշտ են, բայց Վահան Հովհաննիսյանը անձամբ կասկածանքով է վերաբերում ղեկավարության պատրաստակամությանը:

«Ավելին, ես վստահ եմ, որ շատ քիչ հավանականություն կա, որ այս կազմով, այս քաղաքականությունը որդեգրած կուրսով մենք նման բարեփոխումները կարող ենք հաջող ավարտին հասցնել: Ես, ցավոք սրտի, թերահավատ եմ», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ պաշտոնը ստանձնել է հայրենիքի նկատմամբ սիրուց դրդված:

«Եվրանեսթ»-ը Արեւելյան գործընկերության ծրագրի բաղկացուցիչներից է‚ որտեղ բարեփոխումների ուղղությամբ աշխատանք են ծավալելու գործընկերության ծրագրի մաս կազմող երկրների խորհրդարանական պատվիրակությունները: «Եվրանեսթ»-ի ծրագրով առաջարկվող բարեփոխումները հիմնականում համահունչ են գործընկերության ծրագրով ներկայացված ու միջազգային կառույցների նախանշած քայլերին:

«Ի վերջո, հասկանում ես, որ «Եվրանեսթ»-ը Եվրախորհրդարանի եւ Եվրամիության կողմից իսկապես օգտագործվելու է որպես գործիք` բարեփոխումներ պարտադրելու, առնվազն այդպիսի ծրագիր, այդպիսի նպատակ կա», -ասաց Հովհաննիսյանը:

2009-ի մայիսից մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրով պաշտոնական Բրյուսերը հետխորհրդային վեց պետություններին՝ Հայաստանին‚ Վրաստանին‚ Ադրբեջանին‚ Մոլդովային‚ Ուկրաինային եւ Բելառուսին առաջարկում է էական ֆինանսական աջակցություն՝ ազատ առեւտրի գոտու ստեղծում‚ վիզային ռեժիմի մեղմացում եւ փոխարենը պահանջում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ‚ ազատ մրցակցային պայմանների ապահովում եւ կայուն զարգացում: «Եվրանեսթ»-ի աշխատանքներին կմասնակցեն Եվրախորհրդարանի 60 ներկայացուցիչներ՝ հիմնականում արեւելաեվրոպական պետություններից‚ նաեւ ազգային պատվիրակությունների 60 անդամներ: Եվրոպան‚ սակայն‚ չի ցանկանում գործ ունենալ Բելառուսի հետ‚ ուստի «Եվրանեսթ»-ում 10 տեղ առայժմ թափուր կմնա:

Վահան Հովհաննիսյանը նշեց‚ որ Հայաստանը կողմ է եղել Բելառուսի մասնակցությանը:

«Ի դեպ‚ կրկնակի ստանդարտները կիրառվում են նաեւ այս ասպարեզում: Օրինակ‚ բոլորս գիտենք‚ որ Հայաստանն էլ ժողովրդավարության իմաստով առանձնապես աչքի չի ընկնում‚ որ Ադրբեջանի նախագահը նույն [Բելառուսի նախագահ]Լուկաշենկոյի նման կարող է հավերժորեն ընտրվել: Այստեղ մենք գոնե ընդդիմություն ունենք‚ Ադրբեջանի ընդդիմությունը ողջ կազմով գտնվում է բանտերում: Եվրախորհրդարանը ուզում է աշխատել‚ համարում է նրանց լեգիտիմ‚ Բելառուսին՝ ոչ: Հավանաբար‚ Բելառուսում նավթ չկա»‚ - ասաց Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակության հիմնական կազմում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Պատվիրակությունը նաեւ փոխարինող անդամներ ունի, նրանք հինգն են: Վահան Հովհաննիսյանի խոսքով` «Եվրանեսթ»-ի աշխատանքները կմեկնարկեն մարտի սկզբին, Բրյուսելում, եթե անակնկալներ չլինեն:

«Սա կարող է լինել ընդամենը հարթակ քննարկումների համար»

Փորձագետ, Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվիակը, մինչդեռ, մեծ հույսեր չի կապում այս նախաձեռնության հետ` հիմնականում երկու պատճառով. - «Առաջինը եւ գլխավորն այն է, որ Եվրախորհրդարանը հիմնականում ազդեցության լծակներ չունի Եվրամիության արտաքին քաղաքականության ոլորտում։ Սա իրականում կարող է լինել ընդամենը հարթակ Հայաստանի կամ Արեւելյան գործընկերության անդամ մյուս երկրների եւ Եվրամիության պատգամավորների միջեւ քննարկումներ ծավալելու համար։ Եվ երկրորդ պատճառն այն է, որ այդ նախաձեռնության առջեւ դրված նպատակները, խնդիրները դեռեւս բավական անորոշ են»:

Փորձագետի խոսքով, Եվրախորհրդարանը լուրջ ջանքեր է գործադրում միջազգային ասպարեզում որպես դերակատար հանդես գալու համար, սակայն իրականում «գործը մտքերի փոխանակումից եւ տեղեկությունների փոխանցելուց այն կողմ չի անցնում. պատգամավորների կարծիքները, անշուշտ, հաշվի են առնվում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, սակայն գերակա չեն համարվում»։

«Եվրախորհրդարանի պատգամավորները կարող են խոսել այնքան, որքան ուզում են, կարող են մեկը մյուսի ետեւից բանաձեւեր պատրաստել, զեկույցներ ընդունել, սակայն չեմ կարծում, որ նրանք անհրաժեշտ լծակներ ունեն, որպեսզի մտրակի եւ բլիթի քաղաքականություն վարեն եւ էական ազդեցություն ունենան ասենք Հայաստանի կամ Ադրբեջանի վարած քաղաքականության վրա», - ասում է Ռիկարդ Ջոզվիակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG