Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հետ քննարկելու է ղարաբաղյան խնդիրը


Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգը

Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգը

Հարավային Կովկասի երեք երկրներ, ինչպես նաեւ Ալբանիա եւ Բոսնիա կատարելիք այցի շրջանակներում այսօր Երեւան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգը: Կովկասյան երեք երկրներ այցի ընթացքում պետքարտուղարի առաջին տեղակալ Ստայնբերգին ուղեկցում է Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին այսօր երեկոյան ընդունելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպմանը մասնակցելու է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Այցի հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։ Ջեյմս Սթայնբերգը անցած տարվա ընթացքում արդեն իսկ երկու անգամ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հանդիպել է Հայաստանի իշխանությունների հետ։

Վաղը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները մեկնելու են Թբիլիսի, այնուհետեւ` Բաքու:

Այս հանդիպումը նախորդելու է Սերժ Սարգսյանի այցին Սանկտ-Պետերբուրգ, որի շրջանակներում նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես նաեւ մարտի 5-ին Սոչիում կայանալիք ռուս - հայ - ադրբեջանական նախագահական եռակողմ հանդիպմանը։

Վերջին շրջանում ոչ միայն արեւմտյան փորձագետներն ու վերլուծական կենտրոնները, այլեւ պաշտոնյաներն են խոսում ղարաբաղյան գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայության եւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին:

Օրերս Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ նշել է որ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը եւս պայթյունի պոտենցիալ օջախ է:

«Երկու կողմերի ապակառուցողական դիրքորոշումը, նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերը մեծացրել են իրավիճակի էսկալացիայի վտանգը»,- հայտարարել էր պաշտոնյան:
XS
SM
MD
LG