Մատչելիության հղումներ

Լիբիայում գտնվող չորս հայաստանցիներն արդեն տարհանվել են


Լիբիա - Իրենց տարհանմանը սպասողները Տրիպոլիի օդանավակայանում, 22-ը փետրվարի, 2011թ.

Լիբիա - Իրենց տարհանմանը սպասողները Տրիպոլիի օդանավակայանում, 22-ը փետրվարի, 2011թ.

Լիբիայից տարհանված Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիները բարեհաջող հասել են Մոսկվա: Այդ մասին չորեքշաբթի երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Տարհանումը իրականացվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով:

«Այդ ինքնաթիռները վայրէջք կկատարեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ ՀՀ քաղաքացիներին կդիմավորի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը: Այնուհետեւ նրանք կտեղափոխվեն Երեւան», - այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Տիգրան Բալայանը:

Նրա վկայությամբ` Հայաստանի այս քաղաքացիների հետ կապ հաստատելուց ի վեր Լիբիայում այս անձանց անվտանգությունն ապահովված է եղել: Քանի որ Հայաստանը Լիբիայում դիվանագիտական ներկայացուցչություն չունի, Հայաստանի արտգործնախարարությունը խնդրել է Լիբիայում Ռուսաստանի դեսպանությանը Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի դեսպանատանն ապաստան տալ, որտեղ էլ նրանք մնացել են մինչ այսօրվա թռիչքը:

ԱԳՆ-ի խոսնակը փոխանցել է նաեւ տարհանված հայերի անուն-ազգանունները` Գեւորգ Աստվածատրյան, Արտակ Մնացականյան, Կարապետ Բաբաջանյան եւ Անի Ղազարյան:

Այս չորս անձանցից բացի, Լիբիայում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի քանի հայեր եւս եղել են: Նրանք եւս Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով տեղափոխվում են Մոսկվա:

Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի առաջնորդարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Լիբիայում հայկական կազմակերպված համայնք չկա, չկա նաեւ հայկական եկեղեցի: Հատուկենտ հայեր գուցեեւ բնակվում են այնտեղ, բայց նրանք Եգիպտոսի առաջնորդարանի հետ երբեւէ կապ չեն հաստատել, եւ նրանց մասին տեղեկություններ չկան:
XS
SM
MD
LG